Ինչո՞ւ հրաժարվեց Ռուզանը դաունով հիվանդ տղայից.մանրամասներ
Հայաստանում Դաունի համախտանիշով ծնված Լեոյի պատմությունը դարձել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության առարկա։ Ռուզան Բադալյանը՝ հունվարի 21-ին լույս աշխարհ եկած տղայի մայրը, հրաժարվել է որդուց։ Մինչդեռ հայրը՝ նորզելանդացի Սեմ Ֆորեսթը, մտքով անգամ չի անցկացրել երեխայից հրաժարվելու գաղափարը։
Տեղի ունեցածի մասին այսօր մանրամասներ ներկայացրեցին առողջապահական ոլորտի մասնագետները: Հարցազրույցի ժամանակ մայրը նշել է, որ իրեն կարճ ժամանակ է տրամադրվել ընտրելու` ուզում է վերցնել երեխային, թե ոչ, ինչպես նաև նա չի ունեցել որոշակի աջակցություն:
Վերարտադրողական առողջության պերինտալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Բերբերյանը նշեց.”Դաունի համախտանիշով երեխաների թիվը աշխարհում տատանվում է, որոշ երկրներում դա 700-ից 1 է, որոշ երկրներում տատանվում է մինչև 1200-ից 1-ի հարաբերակցությամբ: Դա այդքան էլ կապված չէ ազգության հետ, սակայն կարևորվում է, թե հիմնականում որ տարիքում են ծննդաբերում այդ երկրի կանայք: Հատկապես մեծ տարիք ունեցող կանանց շրջանակներում են ծնվում դաունի համախտանիշով երեխաներ”:
Բերբերյանը տեղեկացրեց նաև, որ դաուն համախտանիշը կյանքի հետ անհամատեղելի չէ.” Դաունի համախտանիշով ծնված երեխաները մինչև 50 տարեկան ապրում են, դա կախված է երեխայի կենսական վիճակից ու այն ընտանիքից ուր մեծանում է երեխան: Այս համախտանիշով երեխաները հիմնականում ունենում են սրտի արատ,այս հանգամանքն է, որ հաճախ վաղաժամ մահվան պատճառ է դառնում”:
Մասնագետի ունեցած մոտավոր տվյալներով Հայաստանում տարեկան ծնվում են դաունի համախտանիշով 40-45 երեխա:
Հաշմանդամ երեխայի մայր Վարդուհի Արամյանը նշեց, որ մեր ազգը խայտառակ են անում, օգտվելով իրավիճակից.” Եթե մենք նայենք ընդանուր վերլուծությունը կհասկանանք, որ օտարերկրյա ինչ-որ մեկին թույլ ենք տալիս օգտվել մեր խնդիրներից: Լեոյի հայրը խորամանկ անձնավորությունը և օգտվում է պահից”:
Քննարկման բանախոսները նկատեցին, որ խնդիրը մասնագետների մեջ է: Հարկավոր էր Ռուզանի հետ բացատրական լուրջ աշխատանքներ տանել.”Մենք սարսափում ենք մի բանից, որի մասին ոչ մի բան չգիտենք”,-հավելեց Վարդուհի Արամյանը նշելով, որ ինքը մեծացնում է ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող տղայի: