22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զգոնության բթացումը սպառնալիքի ահագնացման ֆոնին․ «Փաստ»

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն, օրերս հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մի հետաքրքիր դրվագ պատմեց. «Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն զանգեց, հարցրեց՝ ո՞նց եք, ո՞նց չեք։ Ասեցի՝ դե, նոմալ, աշխատում ենք։ Ասաց՝ ե՞րբ ես գալու Երևան, ամսի 25-26-ին կլինե՞ս Երևանում։ Ասում եմ՝ դու լո՞ւրջ ես ասում։ Չե՞ք հասկանում, որ մենք բլոկադայի մեջ ենք։ Մի կողմից՝ շատ զայրացած ենք, որ նման վերաբերմունք կարող է լինի Երևանում, մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ իրենց մոտ ուրիշ ձև է մոտեցումը, մինչև վերջ չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը»։

Սա արտաքուստ է միայն լոկալ, առանձին վերցրած օրինակ: Իրականում այս դրվագն, ըստ էության, ցույց է տալիս ոչ միայն նշված բիզնեսմենի, այլև ընդհանուր առմամբ մեր հասարակության զգալի մասի պատկերացումներն ու ընկալումները, մեծ հաշվով՝ հասարակության վերաբերմունքը ոչ միայն կոնկրետ Արցախին, այլև բոլոր հրատապ հարցերին, այդ թվում և գլոբալ սպառնալիքներին։ Իսկ հանրային մոտեցումները հենց այնպես չեն ձևավորվում, դրանք խորքային շերտեր ունեն։ Հանրային կարծիքի կամ դիրքորոշման վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ տարիներով տարված քարոզչությունը, որի արդյունքում մարդիկ փորձում են առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե այս պահին իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, ապա անհանգստանալու պատճառ, մեծ հաշվով, չկա։ Մյուս կողմից՝ հասարակության մի հատվածը շատ արագ մանիպուլացվում է՝ իր ուշադրությունը կենտրոնացնելով ոչ կարևոր հարցերի, տարածվող բամբասանքների, աջուձախ սփռվող կեղծ լուրերի ու դժբախտությունների համար միայն ուրիշներին մեղադրելու բողոքների վրա։

Հանրային մի հատված էլ կա, որը միայն եսամոլական մղումներով է առաջնորդվում, քանի որ այդ մարդկանց ականջներին տարիներ շարունակ թմբկահարել են Արցախը հանձնելու ու բարվոք կյանքով ապրելու թեզերը, ու հիմա այդ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է իրենց բարեկեցության հարցը, քան այն, ինչ տեղի է ունենում հայրենիքի հետ։ Փաստացի, ստացվում է այնպես, որ մարդիկ, ընդհանուր առմամբ, լիարժեք չեն գիտակցում, թե մեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ինչ է կատարվում, քանի դեռ վտանգը անմիջականորեն չի հասել իրենց։ Այնինչ, չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի ամբողջովին գիտակցի, որ կանգնած ենք այնպիսի վտանգի առաջ, որն անխտիր բոլորիս է սպառնում։ Այնքան շատ դժբախտությունների առաջ ենք կանգնել, որ ներկա պայմաններում ամեն ինչ հնարավոր է՝ նույնիսկ ամենաանհավանական թվացող սցենարը։ Որևէ մեկը կարո՞ղ է վստահ լինել, օրինակ՝ որ մի օր էլ հակառակորդը չի մտնելու Հայաստանի ցանկացած այլ տարածք ու փորձելու պայմաններ թելադրել։ Իհարկե, ոչ:

Իհարկե, մենք ամենևին չենք արդարացնում նրանց, ովքեր քննադատում են ֆուտբոլի աշխարհի առաջնություն դիտողներին, Ամանորին պատրաստվողներին: Ի վերջո, պայքարի ու հայրենասիրության սահմանները չեն գծվում ամեն ինչից զրկելու ցուցադրականությամբ, հնարավոր է՝ նույնիսկ հակառակը: Սակայն կարևոր է, որ այս պահին տաքուկ տան ու առատ սեղանների առկայությունը չթմրեցնի սթափությունն ու առկա վիճակի լիարժեք ընկալումը: Ցավոք, մինչև հիմա շատերը ամբողջովին չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախում, ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, կամ ինչ է նշանակում մնալ առանց արտաքին աշխարհի հետ կապի՝ բլոկադայի պայմաններում։ Այս իրողությունը պարզորոշ վկայում է այն մասին, որ հասարակությունը կամ առնվազն դրա մի մասը պատրաստ չէ դիմագրավել առկա սպառնալիքներին։ Եվ այս հարցում է, որ մեծ աշխատանք ունեն անելու այն մարդիկ, ովքեր ըմբռնում են հարցի լրջությունը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այն, ինչ կատարվում է Արցախում, կարող է կատարվել ամենուր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ