Եվրատեսիլի անվճար տոմսեր գողացված մանկության դիմաց
«Առաջին ալիք»-ը հաղորդում է, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին՝ նրանց մասնակից դարձնելու համաեվրոպական այս տոնին»։ Հայկական Ալիքը ներկայացնում է 2022թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ապիկարության և ապազգային գործունեության հետևանքով «սահմանամերձ» դարձած բնակավայրերի կորուստները, որոնք փորձ է արվում փոխհատուցելու «Եվրատեսիլի» տոմսով ։
Սեպտեմբերի 13-15-ը Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից տեղահանվել էր առնվազն 7600 անձ, այդ թվում՝ 1437 երեխա: Սպանվել է 4 քաղաքացիական անձ, վիրավորում է ստացել 6 անձ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գնդակոծվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս քաղաքները, Տեղ, Գեղամասար համայնքերը։ Ընդհանուր առմամբ մասնակի կամ ամբողջությամբ ավիրվել էր 192 բնակելի տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, 1 բանկետների դահլիճ, 4 ախոռ։ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Հայաստանում ավելի քան 30 հազար երեխա չէր կարողանում հաճախել դպրոցներ և մանկապարտեզներ։ Լրջագույն խնդիրներ են առաջացել նաև արտադպրոցական ուսումնական հաստատություններում ՝ քոլեջներում, ուսումնարաններում և այլն ։
Ադրբեջանի ԶՈՒ թիրախում են հայտնվել 172 դպրոցներ և 69 մանկապարտեզներ։ Վնասվել է էլեկտրացանցային 7 օբյեկտ, ջրամատակարարման 5 օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց։ Հարվածի տակ են հայտնվել շտապօգնության 2 մեքենա, 4 մասնավոր մեքենա։
Անհրաժեշտ է նշել, որ դե-ֆակտո իշխանությունների մեղքով սահմանամերձ գոտում հայտնված վերոհիշյալ բնակավայրերի բնակիչները վերադարձել են, սակայն ոչ ամբողջությամբ․ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի մշտական սպառնալիքի առկայությունը և գրեթե ամեն օր տեղի ունեցող սադրանքները՝ վտանգ կա այդ բնակավայրերի աստիճանական հայաթափման։ Խաթարվել է այդ բնակավայրերի բնականոն կյանքը, որոշ վայրերում, օրինակ՝ Ջերմուկում, բնակիչները գտնվում են ադրբեջանցիների մշտադիտարկման տակ, խաթարվել են նաև գյուղատնտեսական աշխատանքները, դաշտում աշխատող գյուղացիները հայտնվում են ադրբեջանական կրակի տակ։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չունեն անվտնագության որևէ երաշխիք, անգամ երեխաների համար դպրոց հաճախելն այլևս անվտանգ չէ ։
Առկա խնդիրները լուծելու, դիրքերը պատշաճ կահավորելու, պաշտպանական ենթակառուցվածքները ամրացնելու, ադրբեջանցի ագրեսորներին ՀՀ ինքնիշխան տարածքից վռնդելու փոխարեն դե-ֆակտո իշխանությունները ոչ միայն կարողացել են ստիպել համակերպվել բնակիչներին իրենց՝ այլևս սահմանամերձ գոտում հայտնվելու փաստի հետ, այլև, անվտանգության երաշխիքների ապահովումը, երեխաների խաղաղ մանկությունը փորձում են փոխհատուցել «Եվրատեսիլի» տոմսով։
Դասական պոպուլիզմի կանոների համաձայն, դե-ֆակտո իշխանությունները` իրապես խարխլելով անվտանգային բոլոր համակարգերը և խաղալով հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ` գրավիչ փաթեթավորումով ինչ-որ բան են փորձում հրամցնել մարդկանց և համոզել, որ նրանց կորուստները իրականում այդքան էլ ահռելի չեն և միանգամայն ենթակա են փոխհատուցման: Կարճ ասած` մեկը տալու դիմաց տասը վերցնում են: