23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Գործ ունենք անտրամաբանական իրավիճակի հետ» հայտարարագրման ինստիտուտը մեր բնակչության համար այս պահին շատ բարդ համակարգ է. Փաստ

Առհասարակ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգն առաջադեմ, կարևոր ինստիտուտներից մեկն է, որը զարգացած ու զարգացող երկրները ձգտում են ունենալ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որի կարծիքով, Հայաստանը ևս անմասն չպետք է մնա այդ գործընթացից, բայց խնդիրն այն է, թե այս ինստիտուտն ինչպես, երբ, հարկային ինչ օրենսդրության և ինչպիսի սոցիալտնտեսական քաղաքականության պայմաններում է ներդրվում: Կառավարության նախաձեռնությանն անդրադառնալով՝ «Փաստի» զրույցում Ս. Պարսյանը մի քանի խնդիր է առանձնացրել:

«Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտին համապատասխան օրենսդրական դաշտ պետք է ունենանք: Առաջին հերթին պետք է վերանայել Հարկային օրենսգիրքը, որով պետք է նախատեսվի չհարկվող շեմ հասկացությունը: Մինչդեռ առաջարկվող նախագծով նախատեսվում է չհարկել միայն մինչև տարեկան 12 մլն դրամի չափով տրանսֆերտները: Բացի այդ, պետք է անցնենք հարկման պրոգրեսիվ համակարգի թե՛ եկամտային, թե՛ շահութահարկի դեպքում: Շատից շատ, քչից քիչ հարկային քաղաքականություն պետք է վարել, հակառակ դեպքում կստացվի, որ հայտարարագրման պայմաններում բոլորը նույն դրույքաչափերով են հարկվելու, ինչը որոշակի անարդար մթնոլորտ կստեղծի հատկապես միջին ու աղքատ խավի պարագայում: Կառավարությունը պետք է վերանայի նաև սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ ցույց տալով, որ համընդհանուր հայտարարագրման միջոցով կկարողանա հասցեական քաղաքականություն վարել»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՊԵԿ-ն իր հերթին տվյալները վերլուծելու և ուսումնասիրելու համապատասխան կարողություններ պետք է ունենա:

«Բայց, փաստորեն, ստացվում է, որ ՊԵԿ-ը մարդկանց եկամուտների մասին հայտարարություն է ունենալու, բայց նրանց ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն չի ունենալու: Բացի այդ, կառավարությունն այսպիսի համակարգ ներդնելուց առաջ պետք է ակտիվ իրազեկման աշխատանքներ տանի հանրության շրջանում: Մինչ օրս այս համակարգը չի գործում անգամ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում: Պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարագրերը ներկայացնում են սխալներով, թերություններով: Պաշտոնյա կար, որն աշխատավարձը վարկից չէր տարբերակում ու նույն տողում էր երկուսը ներկայացնում: Ընդհանուր առմամբ, հայտարարագրման ինստիտուտը մեր բնակչության համար այս պահին շատ բարդ համակարգ է, ինչը մատչելի դարձնելու համար պետք է պետական ու հասարակական ինստիտուտները միասին աշխատեն, մարդկանց բացատրեն, թե ինչպես են լրացնում հայտարարագրերը կամ էլ քաղաքացիների փոխարեն այդ աշխատանքներն իրենք իրականացնեն»,-հավելեց տնտեսագետը՝ շեշտելով, որ այդ ինստիտուտներն այս պահին չկան, թեպետ պլանավորում են 2023-ից փուլային տարբերակով ներդնել համակարգը:

«Այստեղ, կարծում եմ, գործ ունենք նաև անտրամաբանական իրավիճակի հետ: Ինստիտուտը մշակված է այն տրամաբանությամբ, որ քաղաքացին ինքը պետք է լրացնի իր հայտարարագիրը. այսինքն, ինքը կլրացնի, թե գումար կվճարի ու մասնագետը այն կլրացնի, քաղաքացին ինքն է որոշում: Բայց քանի որ համակարգը նոր է, պետությունը, հասարակական հատվածը պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեն: Խոսքն օգնող մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտության մասին է, քանի որ դրանց բացակայության դեպքում կարող են փաստի առաջ կանգնել: Օրինակ՝ հերթական անգամ լինի որոշում ու մնա թղթի վրա: Նպատակը լավն է, բայց փոփոխությունը կարող է այնպես իրականացվել, ինչի արդյունքում հնարավոր է ամբողջովին խեղաթյուրվի դրական իմաստը, արդյունքը, և մարդիկ ոչ թե բարելավում զգան, այլ փոշմանեն, որ ներգրավվել են գործընթացի մեջ»,-նկատեց մեր զրուցակիցը:
Մատնանշելով սոցիալական իրավիճակը՝ նա հավելեց. «Հայաստանի պարագայում, որտեղ աղքատության մակարդակը պաշտոնական տվյալներով 27 տոկոս է, նման համակարգի ներդրումը բավականին լուրջ դժգոհության ալիք կարող է առաջացնել սոցիալապես խոցելի խմբերի շրջանում: Կառավարությունն այդ գնահատականներն արդյոք տվե՞լ է: Ակնհայտ է, որ չի տվել: Անգամ օրենքի նախագծի հիմնավորման մեջ որևէ հաշվարկ չունեն, թե այդ համակարգի ներդրման արդյունքում որքան հարկ է ավելանալու, որքանը՝ նվազելու, կամ որ խմբերն են շահելու: Որևէ ֆինանսական հիմնավորում չկա»:

Մյուս կողմից՝ Սուրեն Պարսյանը նշեց՝ լավ օրից չէ, որ կառավարությունը նման համակարգ է ցանկանում ներդնել. «Այս համակարգին անցնելու մի քանի նպաստող հանգամանք կա: Տարբեր միջազգային ինստիտուտներ, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը հենց այս մասով իրենց տարբեր վարկային փաթեթներում ՀՀ-ի վրա որոշակի պարտավորություններ են դրել: Բացի այդ, հաջորդ տարիների ընթացքում մեր պետական պարտքի սպասարկման համար ավելի մեծ գումարներ են հատկացվելու. տարեկան պետք է 1,3 մլրդ դոլարի չափով պետական պարտքի համար գումար վճարենք, ինչը մեր դեպքում պետք է լուծվի նաև լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման միջոցով:
Կառավարությունն այդ քայլով ևս փորձում է ապագայում լրացուցիչ եկամուտների հավաքագրման հիմքեր, աղբյուրներ ստեղծել:

Սա, բնականաբար, կարող է մեծ հարված հասցնել միջին և աղքատ խավին և նման լինի «ամանի տակ քերելու» քաղաքականությանը: Ամեն դեպքում, ֆինանսական կայունությունն ապահվելու հարցում նոր մեխանիզմներ են փնտրում, որից մեկն էլ այս ինստիտուտն են դիտարկում: Ընդհանուր առմամբ, բազմաթիվ խնդիրներ ունենք, և, չնայած տնտեսական աճին, աղքատների թիվը շարունակում է ավելանալ: Այս պայմաններում առանց իրազեկման, առանց համապատասխան օրենսդրական փոփոխությունների նման մի ինստիտուտ բերելն ու ներդնելը ժամանակավրեպ է»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ