Թուրքիայում հզոր փոթորկի արդյունքում մարդիկ են մահացել /ֆոտո/
Թուրքիայի հյուսիս-արևմտյան շրջաններում արդեն 3 օր շարունակվող փոթորիկը Մարմարա և Էգեյան ծովերի առափնյա քաղաքներում ավերածությունների ու մարդկային զոհերի պատճառ է դարձել, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ծովային քամու ազդեցության տակ են հայտվել նաև Ստամբուլ քաղաքի որոշ հատվածներ: Հաղորդվում է, որ Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանի բազմաթիվ չվերթներ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել:
Հուժկու քամու հետևանքով պոկվել են բազմաթիվ տների տանիքներ, արմատախիլ են եղել ու միջքաղաքային արագընթաց գնացքների լարերի վրա ընկել հսկայական ծառեր, ինչի հետևանքով ընդհատվել է գնացքների երթևեկությունը: Սինանփաշա շրջանում էլ փլուզվել են մզկիթի 40 մ բարձրությամբ 2 մինարեթները:
Մամուլում խոսվում է նաև զոհերի մասին, որոնց թիվը տարբեր տվյալներով հասնում է մինչև մեկ տասնայկի, սակայն ճշգրտված ու վերջնական տեղեկություններ չեն հրապարակվում:
Թուրքական Հյուրիյեթի հաղորդմամբ՝ նախօրեին միչև 100մ/վ արագության հասած քամին այսօր արդեն փչում է 70մ/վ արագությամբ՝ ցույց տալով դադարելու միտումներ: Սակայն քամու նվազմանը զուգահեռ մեծանում է տեղումներիի քանակը, ինչն արդեն որոշ շրջաններում հեղեղների առաջացման պատճառ է դարձել:
Ermenihaber.am