«The New York Times»-ը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պատասխանը Ադրբեջանի դեսպանի նամակին
Հունվարի 29-ին ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի պատասխանը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի նամակին։
Իր նամակում ԼՂՀ ներկայացուցիչը նշում է, որ Ադրբեջանի դեսպանը, թվում է թե, կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավն իր երկրում։ Փոխարենը նա առաջարկում է ուշադրությունը սևեռել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վրա, որը մնում է չլուծված Ադրբեջանի ռևանշիստական նկրտումների պատճառով։
«Ըստ երևույթին, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ արյունալի հարձակումների աճի միջոցով է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում և՛ ներքին, և՛ միջազգային ուշադրությունը շեղել իր երկրում ազատությունների և այլակարծության նկատմամբ ճնշումներից։ Ադրբեջանական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այդպես այն միայն խորացնում է միջազգային հանրության հետ անջրպետը և հետաձգում տարածաշրջանային խնդիրների լուծումը։
Ադրբեջանը պետք է դադարեցնի երկրում առկա թերություններն արդարացնելու նպատակով պատրվակների, այդ թվում ռազմական սադրանքների օգտագործումը։ Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն ապացուցում է, որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է անգամ արտաքին ագրեսիայի մշտական սպառնալիքի պայմաններում», – ասվում է նամակում։
Ռոբերտ Ավետիսյանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետություններում, այդ թվում հարևան Ադրբեջանում խաղաղության, բարեկեցության և ժողովրդավարության մեջ։