Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության ավարտի մասին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղեկատվություն է ուղարկել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության ավարտի» մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս մասին Էրդողանը հայտարարել է Սամարղանդից վերադառնալուն պես։
Միաժամանակ նա կրկնել է իր պնդումը, թե «գործողությունը» սկսվել է ի պատասխան Հայաստանի «սադրանքի»։
«Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, հիմա այն քննարկելու իմաստ չկա։ Պարոն Իլհամից ստացած տեղեկությունների համաձայն՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք»,- ասել է նա։
Երեւանի համար կարեւոր է «հրաժարվել Բաքվի դեմ սադրանքներից եւ գործել նախկինում ստանձնած պարտավորությունների համաձայն՝ հանուն խաղաղության եւ համագործակցության»,- ասել է Էրդողանը։
«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում նորմալացման գործընթացները հաջողությամբ ավարտվեն, իսկ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը երկար ժամանակով ապահովվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։