Երկու ռազմական համալսարանների միավորումը ոչ միայն խնդիր չի լուծի, այլև նոր խնդիրներ կհարուցի․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը՝ ռազմական ակադեմիա ստեղծելու մասին։
«Պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ մտադրություն ունեն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանները միավորել՝ ստեղծելով ռազմական ակադեմիա, որտեղ նաև ավելանալու է ֆակուլտետ սահմանապահ զորքերի ուսուցման համար։
Այն, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով նման ֆակուլտետի անհրաժեշություն կա, դա միանշանակ է, այլ բան է, թե ուսուցման գործընթացը ինչպե՞ս է կազմակերպվելու, ի՞նչ մասնագետներով և ի՞նչ բովանադակությամբ:
Բայց ասելիքս այլ բանի մասին է: Երկու համալսարանների միավորման թեման տարբեր ժամանակներում քննարկվել է և դրանք չմիավորելու հիմնական պատճառը եղել է երկու բուհերի ու հատկապես ռազմական ավիացիոն համալսարանի բազայի՝ որպես առանձին միավոր գործելու նպատակահարմարությունը:
Վերջին տասնամյակում ռազմական ավիացիոն համալսարանը նաև լուրջ աշխատանքներ է տանում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ՝ և՛ կրթական, և՛ պատրաստության, և՛ ուսումնասիրությունների մասով ու մասնագետները պնդում են, որ այդ երկու ռազմական համալսարանների միավորումը ոչ միայն ուսումնա-մասնագիտական հարցերում խնդիր չի լուծի, այլև նոր խնդիրներ կհարուցի:
Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից, համենայն դեպս, այս տարիներին, բուհերի դասախոսական կազմի, մասնագետների հետ զրույցներում ավելի համոզիչ են եղել բուհերի՝ առանձին գործելու հիմնավորումները:
Կրկնում եմ՝ ռազմական կրթության հարցը պետք է լինի զինված ուժերի բարեփոխումների առաջնային ուղղություններից, սակայն դրա հիմքում պետք է դրվի որակի, բովանդակության և անհրաժեշտ միջավայրի ձևավորման, այլ ոչ թե մեխանիկական միավորումների հարցը:
Միանշանակ է, որ ռազմական կրթության առումով արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սա ուղղակի քննարկման ենթակա էլ չի, բայց չստացվի այնպես, որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը», – ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը: