Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում. ՀՀ վարչապետ
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին. նպատակը համայնքի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս որոշումը համայնքներին հնարավորություն կտա ճիշտ կառավարել իրենց ֆինանսական միջոցները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սա կարևոր որոշում է. հանրային ֆինանսների արդյունավետ կառավարումը ամենամեծ մարտահրավերներից մեկն է ցանկացած երկրում, առավել ևս, Հայաստանում:
«Մենք այս որոշումը կարևոր ենք համարում այն տրամաբանությամբ, որ կառավարություն-ՏԻՄ համագործակցության ու համատեղ ներդրումների որոշակի համակարգ է ստեղծվել ու կարևոր է, որ ՏԻՄ-երի ֆինանսների կառավարման տրամաբանությունը որոշակիորեն փորձենք սինքրոնանցել կառավարության հետ», – ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ պետք է փորձել միջոցները ծախսել մաքսիմալ արդյունավետ ու ժամանակին:
«Ամենաթանկ բանը ժամանակն է, միշտ էլ պետք է որոշումները ճիշտ ժամանակին կայացնել, ներդրումները ճիշտ ժամանակին անել», – ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե այս գործընթացը խոշոր ռեֆորմ է:
«Երբեմն մեզ ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում», – ասաց նա:
«Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում», – հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը: