Դուք հոգեբանորեն առո՞ղջ եք, ձեզ մի տարի առաջ ո՞ր պահը պարզ չէր. Էլիբեգովա
Դուք առհասարակ հոգեբանորեն առո՞ղջ եք, երբ ասում եք պետք է գնալ Ադրբեջանին և Թուրքիային հարցնել՝ արդյոք ուզու՞մ են մեզ ցեղասպանել, ձեզ մեկ տարի առաջ ո՞ր պահը պարզ չէր, ի՞նչը մութ մնաց. Այս մասին «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ դիմելով իշխանությանը։
Էլիբեգովան հիշեցրեց, որ Թուրքիան ադրբեջանական բանակին էր աջակցում, վարձկաններ տեղափոխում Արցախ, բայրաքթարներով սպանում հայ զինծառայողներին ու չի հասկանում, թե այս ամենից ինչը մութ մնաց իշխանության ներկայացուցիչների համար։
«Դուք չհասկացա՞ք, որ, այո, իրենք ուզում են, որ մենք վերանանք այս տարածաշրջանից և դա չեն էլ թաքցնում, ուղղակի պետք է հետևել իրենց հայտարարություններին», – ասաց նա։
Էլիբեգովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ադրբեջանցիները ներխուժել են 41 քառ կմ տարածք և պետք է դիմել միջազգային կառույցներին, հետաքրքրվեց, թե ի՞նչ էին անում վերջին վեց ամիսների ընթացքում։
Պետք է բոլոր միջազգային կառույցների դռները ջարդեիք այս ընթացքում։ Ո՞նց եղավ՝ կես տարի ոտ-ոտ եկել են ճեմելով, մենք դրա մասին նո՞ր ենք իմանում։ Լավ է Նորագավիթ չեն հասել՝ նոր մեզ դրա մասին տեղյակ պահեին»։
Էլիբեգովան նշեց, որ եթե այդքան անգործ են, կարող են առաջնագիծ գնալ և զինվորին օգնել խրամատ փորել՝ քանի որ փորձը ունեն։
Ադրբեջանագետը նկատեց նաև, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները տեղակայվում են ՀՀ տարածքում, իսկ հայտարարվում է, որ դա սովետական քարտեզներով պատկանում է ադրբեջանցիներին, սակայն լավ կլիներ դրա մասին չբարձրաձայնել։
«Մարդը առավոտը զարթնում է, գնում է իր կովը կթելու, տեսնում է՝ զուգարանի ու գոմի արանքում ադրբեջանական պոստ է դրած։ Ասում ես ի՞նչ փաստաթղթի հիման վրա է, ասում են վարչատարածքային բաժանման օրենքով է։ Մասնագետները ծերացան բացատրելով՝ մի ասեք այդ անհեթեթությունները, մեզ եք վնասում։ Վաղը մյուս օրը որ գնում են բանակցելու, ադրբեջանցիները բերում են, ասում ձեր իշխանություններն են ասել։ Այդ տարածքները իշխանությունները իրենց հոր տնի՞ց են բերել, որ աջ ու ձախ բաժանու՞մ են»։
Էլիբեգովան հայտարարեց նաև, որ ադրբեջանական կողմը օգտվում է առիթից, փոխարենը դա վկայող փաստաթուղթ չկա, իսկ նոյեմբերի 9-ի համաձայնագրով գերիները պետք է վերադառնային։
«Ասում են՝ խաղաղության դարաշրջան բացելու բանակցություն ենք վարում։ Ադրբեջանն այդ խաղաղության դարաշրջանն ուզու՞մ է բացի։
Ադրբեջանը քաղաքացիական անձանց առևանգում է, երեխաների ավտոբուսի վրա զենք պահում, գյուղեր շրջափակում, այդպե՞ս է խաղաղությունը պատկերացնում»,- ասաց ադրբեջանագետը՝ հավելելով, որ օրական մեկ հարցի շուրջ բացառող ու հակասող հայտարարույթուններ են արվում և չի հասկանում՝ ի վերջո միջանցք կլինի, թե ոչ։ Վստահ չէ, արդյոք քաղաքացիների մեջքի հետևում չեն բանակցե՞լ ու փաստաթղթեր ստորագրել։
«Մի հատ էլ գալիս են մատ են թափ տալիս, մուննաթ գալիս ժողովրդի վրա։ Ժողովուրդը թափ տրվող մատը կոլորի ու սյունյաց ողջույն կանի ձեզ»,- ասաց Էլիբեգովան։