16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ նախագահը հանդիպումներ է ունեցել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր:

Հանրապետության Նախագահն այցելել է “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական եւ առաջին բնակելի մասնաշենք: Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների եւ հիմնարկի շահագործման հանձնման կապակցությամբ հրավիրված` Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այլ հրավիրյալների հետ միասին ծանոթացել է իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված այդ հաստատության պայմաններին:

Պատասխանատուների հավաստմամբ, “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը թույլ կտա թեթեւացնել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ գերբեռնված հիմնարկներից 400 դատապարտյալ տեղափոխելով Արմավիր: Նախատեսվում է հիմնարկն ամբողջությամբ շահագործման հանձնել երկու փուլով: Առաջին փուլով ներկայումս շահագործմանն են հանձնվում հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը եւ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը: Երկրորդ փուլում՝ մինչեւ 2015թ. վերջ, շահագործման կհանձնվի եւս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը:

Ոլորտի պատասխանատուները քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծման կարեւոր միջոց են դիտարկում ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսդրության արդիականացման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում պրոբացիոն ծառայության ստեղծումը, որը թույլ կտա շուրջ 25 տոկոսով կրճատել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց թիվը՝ այլընտրանքային խափանման միջոցներ եւ ազատազրկման հետ չկապված պատժատեսակների տեսակարար կշիռը ավելացնելու միջոցով:

Արմավիրից Նախագահը մեկնել է Արագածոտնի մարզ, որտեղ այցելել է Սասունիկ համայնքում գտնվող “Արմենիա վայն” ընկերության գործարան: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված նոր ներդրումներին, գործարանի ձեռքբերումներին եւ զարգացման հետագա ծրագրերին:

Շրջայցի ընթացքում Հանրապետության ղեկավարին ներկայացրել են, որ գինու, կոնյակի եւ օղու արտադրություն կազմակերպելու նպատակով ընկերությունը 2008-2011թթ. կատարել է շուրջ 9.5 մլն եվրոյին համարժեք դրամի ներդրումներ, որոնք ուղղվել են խաղողի ընդունման կետի, գինու առաջին արտադրամասի, սպիրտի պահոցի, օղու կուպաժի եւ շշալցման արտադրամասերի հիմնմանը, տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը: 2012-2014թթ. ընկերությունը շարունակել է խոշորածավալ ներդրումներ կատարել գինու եւ կոնյակի արտադրության ոլորտներում, ինչպես նաեւ շամպայն գինիների արտադրության կազմակերպման նպատակով: Կատարվել է 5.617 մլրդ դրամի ներդրում:

Կառուցվել եւ շահագործման են հանձնվել գինու պահոցը, գինու եւ կոնյակի հնեցման մառանը, կոնյակի համար խաղողի ընդունման նոր մեքենայատունը եւ կոնյակի վինիֆիկացիայի արտադրամասը, նոր պահեստը, վարչական մասնաշենքը, նոր լաբորատորիան եւ տեխսպասարկման կենտրոնը: Ընդլայնվել է նաեւ կոնյակի սպիրտի թորման արտադրամասը: Գործարանի արտադրամասերը հագեցվել են գինեգործական ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք ներկրվել են Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից եւ Բելգիայից:

Ընկերությունը Հայաստանի գինեմետ խաղողի սորտերի խոշոր մթերող կազմակերպություններից է: Այսօր այն ունի 200 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է շուրջ 160.0 հազ. դրամ: Ներկայումս ընկերությունն արտադրում է օղի եւ գինի:

“Արմենիա վայն” ընկերության գործարանում այսօր Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նաեւ “Արմենիա” հայկական շամպայնի առաջին շշալցման արարողությունը: 2015թ. վերջին նախատեսվում է սկսել կոնյակի շշալցումը:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել ընկերությանը ընթացիկ գործունեության եւ զարգացման ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով, որ ընկերության հաջողությունը նաեւ աշխարհում հայկական մրցունակ ապրանքանիշի առաջմղման տեսանկյունից է կարեւոր:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ