Պարգևատրումների սպասումով. Անկախության 30-ամյակը՝ «հարմար առիթ»․ «Փաստ»
«Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը։ «Փաստ» թերթին այս առիթով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ իշխանությունները մտադիր են շռայլ պարգևատրումներ և պետական պարգևներ հանձնել տարբեր ոլորտի ներկայացուցիչների, հատկապես նրանց, ովքեր հլու-հնազանդ ծառայում են իրենց։ Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո նմանօրինակ «հարմար առիթ» չի եղել, որպեսզի Փաշինյանը կոչումներ ու պարգևներ շռայլի։
Իհարկե, Անկախության տոնի առթիվ պարգևատրումներ միշտ էլ եղել են, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս անգամ ստացողների ցանկը աննախադեպ մեծ է լինելու: Մեր տեղեկություններով, այս օրերին բավական ինտենսիվ կերպով ցուցակներ են կազմվում, որտեղ ներառվում են բոլոր ոլորտների , հատկապես արդարադատության և իրավապահ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխանության «սրտի դատավորները», ինչպես նաև որոշ զինվորականներ, որոնք պետք է պարգևատրվեն պետական բարձր պարգևներով և կոչումներով»: