Նախարարությունը հաստատում է՝ Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ:
«Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:
Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար:
Առողջապահության նախարարության կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը»,- ասված է պարզաբանման մեջ:
Նշենք, որ Mediaport թելեգրամյան ալիքը լուսանկարներ էր տարածել առ այն, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»: