29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաժողովի կապակցությամբ

Հայաստանի համար պատիվ է մայրաքաղաք Երևանում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո հյուրընկալել Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային համաժողովը:

Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը և գտնվելով մշակույթների ու կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել։ Այս միջքաղաքակրթական փոխազդեցությունը արգասաբեր է եղել մեր մշակույթի համար և հարստացրել է նաև այլ մշակույթներ։ Հազարամյակներ ձգվող նման քաղաքակրթական փոխկապվածության կարևոր ձեռքբերումներից է, հավանաբար, այլ մշակույթների, կրոնների և ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի կողմից փայփայված հարգանքի դրևորումը։

Բոլոր ժողովուրդները ձգտում են զարգանալ այն աստիճանի, որ կատարողական արվեստը, արվեստագետները ծաղկեն և բարգավաճեն: Թատրոնի միջազգային ինստիտուտի այս առաքելությունը նաև կատարողական արվեստը խթանող ցանկացած ազգի նպատակներից մեկն է:

Մշակութային դրսևորումները առավել ամրապնդվում են, երբ նրանք ծառայում են նաև փոխըմբռնման, խաղաղության և համամարդկային արժեքների խթանմանը: Թատրոնը և մյուս արվեստները, կրթելով քաղաքացիներին, դարձնում են նրանց ավելի պատրաստված հակասական գաղափարներով և հակամարտող հասարակություններով լի ժամանակակից աշխարհում: Ռազմականացված “մշակույթը” վերածվում է կարճաժամկետ, պարտվողական քարոզչության և անհետանում նրանց սնուցողների հետ միասին: Թատրոնները զարգացնում են մեր հասարակությունների առջև ծառացած մարտահրավերների ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական մոտեցումներ, նրանք կրթում են, փոխանցում ուղերձները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լսարաններին:

Հայկական թատրոնի զարգացումը պատմության տարբեր փուլերում հիանալի կերպով արտահայտում է թատրոնի այս երկակի բնույթը: Առկա են անտիկ գրավոր աղբյուրներ, որոնք վկայում են, որ Ք. Ա. 1-ին դարում Հայաստանի թագավորը Պարսկաստանի թագավորի հետ միասին Հայաստանի մայրաքաղաքում ներկա է գտնվել հունական պիեսի բեմադրմանը: Թատրոնի գրավչության իմաստով այդ ժամանակաշրջանից մեր սովորածը շարունակում է արդիական լինել նաև մեր օրերում: Առաջին հերթին, մենք տեսնում ենք, որ թատրոնը եղել և մնում է միջմշակութային երկխոսության և փոխշփումների լավագույն միջոցներից մեկը, այն եղել և շարունակում է մնալ գաղափարների և ուղերձների կրող և փոխանցող: Գլոբալացվող աշխարհում թատրոնը կարող է մշակութային դիվանագիտության դրսևորում լինել՝ տարածության և ժամանակի խոչընդոտները հաղթահարելուն ունակ:

Մյուս կողմից, լեզվի, մշակույթի, արժեհամակարգի և ինքնության պահպանության լավագույն միջոցներից մեկը թատրոնն է: Այսօր հայ ժողովրդի երկու երրորդը ապրում է իր հայրենիքից դուրս։ Հայոց Ցեղասպանությունից փրկվածները սփռվել են ամբողջ աշխարհով, այսօր նրանք բնակվում են ավելի քան հարյուր երկրներում. Ֆրանսիայից Բրազիլիա, Ռուսաստանից Սինգապուր, Միացյալ Նահանգներից Եգիպտոս, Արգենտինայից Կանադա, Լիբանանից Հնդկաստան, Իրանից Ավստրալիա։ Հայերը ստեղծել են կենսունակ, լիակատար ինտեգրված և, միևնույն ժամանակ, ազգային ինքնությանը հավատարիմ համայնքներ աշխարհի չորս ծայրերում։ Նրանք հայկական մշակութային օջախներ են ստեղծել բոլոր այն վայրերում, որտեղ բնակվում են, կրելով միաժամանակ այդ պետությունների և քաղաքակրթությունների մշակույթները և ավադույթները։ Նրանք յուրօրինակ քաղաքակրթական կամուրջ են հանդիսանում Հայաստանի և մնացած աշխարհի միջև։

Եկեղեցիների և դպրոցների հետ մեկտեղ մշակութային կենտրոնները և թատրոնները կամ դրամատիկական ակումբները մեր ինքնության պահպանման առանցքային մասն են կազմում այն երկրներում, որտեղ մենք ապրում ենք:

Թատրոնի միջազգային ինստիտուտի առաքելությունը և նպատակները հազարամյակներ շարունակ արտահայտված են եղել մեր պատմության մեջ և ներկայացված են աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ հայեր կան, ինչպես նաև մերօրյա Հայաստանի մշակութային քաղաքականության մեջ:

Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային համաժողովի անցկացման վեց օրերի ընթացքում հուսով եմ նրա մասնակիցներն այլ հարցերի հետ միասին կառաջարկեն խաղաղության, բարեկեցության և անվտանգության ապահովման գործում ժամանակակից թատրոնի դերին առնչվող նոր գաղափարներ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ