«30 ժամ` ՊՆ շենքում․ Տղերք: Եթե իմ այստեղ մնալը կարող է օգնել վերադարձնել իմ անհետ կորած ընկերներին, ես կարող եմ շարունակել մնալ, երկար մնալ»․ «Զինուժ»–ի հաղորդավար
Մենք պարիսպների երկու կողմում ենք, բայց մենք տարբեր ճամբարներում չենք, մենք հակառակ կողմերում չենք, մենք հակառակ կարծիքների չենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ «Զինուժ» հաղորդման հաղորդավար Դավիթ Դավթյանը՝ անդրադառնալով նրան, որ անհայտ կորած զինծառայողների ծնողները երեկվանից փակել են ՊՆ-ի մուտքերը եւ թույլ չեն տալիս ներսում գտնվող ՊՆ աշխատակիցներին դուրս գալ, այդ թվում կանանց ու աղջիկներին: Գրառման մեջ ասված է․
Մենք պարիսպների երկու կողմում ենք, բայց մենք տարբեր ճամբարներում չենք, մենք հակառակ կողմերում չենք, մենք հակառակ կարծիքների չենք: Ես եւ ինձ նման շատերը, որ նախօրեից այստեղ են:
Տղերք: Եթե իմ այստեղ մնալը կարող է օգնել, կարող է վերադարձնել իմ անհետ կորած ընկերներին, գերեվարված ընկերներին, ես կարող եմ շարունակել մնալ, երկար մնալ: Եթե այս շրջափակումը կարող է դեր խաղալ, պատրաստ եմ մնալ:
Իմ հայրենակիցներ: Տղերք: Ես մեղավոր չեմ, որ ողջ եմ մնացել, որ վերադարձել եմ ռազմաճակատից եւ շարունակում եմ ծառայությունս: Ես մեղավոր չեմ որ անհետ կորածների շարքում չեմ, մեղավոր չեմ: Բայց գրառումն իմ մասին չէ:
ՊՆ շենքում հարյուրավոր կանայք կան, աղջիկներ կան, հասակով եւ խնամքի սպասողների ծնողներ ու զավակներ կան: Շենքում բազմաթիվ ամուսիններ կան, որոնց երեխաները սպասում են: Գիտեմ, դուք էլ եք սպասում, գիտեմ, սուգը, մեր սուգն անասելի է: Բայց ինչ կարող եմ անել ես, ինչ կարող են անել այս մարդիկ, այս կանայք, այս ծնողները եւ զավակները: Ինչ կարող են անել, որ չեն անում: Ինչ կարող է անել թիկունքի վարչության իրային ծառայության ենթասպան, ինչ կարող է անել ռազմաբժշկական վարչության գործավարը, ինչ կարող է անել հրետանու վարչության ավագ մասնագետը:
Նրանք ձեր արդար պահանջի հասցեատերը չեն: Նրանք ձեր հակառակ կողմում չեն: Մենք տարբեր չենք, մենք տարբեր ճակատում չենք: Մենք նույնպես սգում ենք, նույնպես ցավում ենք ու նույնպես ցանկանում ենք այս մղձավանջը` տղերքի մարմինները գտնելու եւ արժանապատիվ հողին հանձնելու կարգը ավարտվի:
Տղերք: Իմ հայրենակիցներ»: