Մակունցը մտել է մի բեռի տակ, որից այլևս չի կարողանում դուրս գալ․ Հրապարակ
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կամ, ինչպես մենք էինք ժամանակին արձանագրել, «Ազգային ժողովի ամենահմայիչ տիկին Մակունցը», կարծես դեպրեսիայի մեջ է: Այդ մասին գրում է նաև մամուլը: Նա երեկ ցույց տվեց, որ այլևս ի վիճակի չէ հանդարտ տոնով, եթե չասենք՝ ադեկվատ, արձագանքել լրագրողների հարցերին: Նա մեր բոլոր հարցերի տակ ինչ-որ վիրավորանք և ոչ կոռեկտ ձևակերպում է տեսնում և, ի վերջո, հրաժարվեց պատասխանելուց:
Օրինակ, երբ նրան հիշեցրինք, որ մամուլում գրվում է, թե իրենց խմբակցության սորոսական համարվող հատվածն ու այդ ՀԿ-ները պնդում են, որ իշխանությունը պետք է անպայման Ընտրական օրենսգիրքը փոխի, նոր գնա ընտրության, Մակունցը որոշեց չընդունել «նման ձևակերպումները» իրենց խմբակցության որևէ հատվածի հասցեին և խնդրեց պիտակներ չփակցնել ու հրաժարվեց պատասխանել հարցին:
Հիշեցրինք, որ սա պիտակ չէ, «սորոսական» անվանում են նրանց, որոնք Սորոսի հիմնադրամի հետ կապ ունեն, բայց Մակունցն այլևս չցանկացավ լսել:
Այստեղ հարց է առաջանում՝ երբվանից է «սորոսական» անվանումը համարվում վիրավորանք, եթե «սորոսական»-ը վիրավորանք է, ապա նույնկերպ «իմքայլական»-ն էլ է վիրավորանք, ինչևէ դրանից էլ չեն վիրավորվում: Էլ չենք խոսում տարբեր այլ որակումների մասին՝ «քայլարած», «ուսապարկ» և այլն: Կամ, եթե «սորոսական»-ը վիրավորական է, ապա թող դա ամրագրեն, ասենք, Սահմանադրությամբ, որ մենք էլ իմանանք՝ իրենց խմբակցության մի հատվածին բնորոշելիս օգտագործել այդ ձևակերպումը որպես վիրավորանք, թե չօգտագործել: Մանավանդ՝ ինչ ուզում, իրենց 80 հոգով անցկացնում են խորհրդարանում՝ ամենավնասակար օրենքներից մինչև ամենաաբսուրդը: Բայց այսքանով Մակունցի «խռովությունը» չավարտվեց: Մենք նրան նաև ուղիղ հարց ուղղեցինք՝ Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի է: Նմանատիպ հարց ժամանակին ուղղում էինք նաև հանրապետականներին՝ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին, և նրանք շատ քաղաքավարի, առանց վիրավորվելու հիմնավորում էին, թե ինչու է Սերժ Ազատիչն անփոխարինելի:
Մակունցին այս հարցն էլ դուր չեկավ, և չհասկացանք, թե ինչու: «Ես Ձեր հարցին չեմ պատասխանում»,- ասաց նա: Այլ հարցեր էլ հնչեցին նույն կոնտեքստում, օրինակ՝ լրագրողներից մեկը սրեց հարցադրումը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանին շատ են վարկաբեկել, նա վարկաբեկված անձ է համարվում, ուստի ճի՞շտ է, արդյոք, նրա գլխավորությամբ ընտրությունների գնալը: Մեկ այլ լրագրող էլ շարունակեց՝ դուք հո անձ-կուսակցություն չեք: Այստեղ Մակունցը որոշեց վերջնականապես խռովել մեզնից. «Ես խնդրում եմ՝ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել, ես խնդրում եմ՝ կոռեկտության սահմաններում մնալ»: Դրանից հետո հայտարարեց, որ դադարեցնում է ճեպազրույցը, նեղացավ ու հեռացավ:
Ակնհայտ է, որ Մակունցը մտել է մի բեռի տակ, որից այլևս չի կարողանում դուրս գալ: Մամուլում գրվում է, որ նա ծանր է տանում այն, ինչ կատարվում է երկրում, թեև բավարար կամք ու համարձակություն չունի՝ այդ ամենի մասին հրապարակավ հայտարարելու: Ու այլևս չի կարողանում իշխանության հասցեին ուղղված քննադատությունները լսել: Նաև դա է պատճառը, որ խնդրել է իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան ուղարկել, որ ազատվի լրագրողների հարցադրումներից էլ, դրանց արձագանքելու դարդից էլ: Ստացվում է՝ նախկիններին կարելի էր ամենասուր ու անգամ սադրիչ հարցերը տալ, իսկ իրենք, որ երկիրը բառի բուն իմաստով գլորում են անդունդը, պետք է միայն սիրաշահենք ու հաճելի հարցեր ուղղենք, որ նրանց նուրբ հոգին չընդվզի։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։