23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հակառեկորդ․ Փաշինյանը 3 տարում հասցրել է կուտակել 2 մլրդ դոլարի պարտք․ 168 Ժամ

Պետական պարտքի աճի ցուցանիշով Նիկոլ Փաշինյանը հակառեկորդ է սահմանել։ Մեկ տարվա կտրվածքով պարտքը երբևէ այդքան չէր ավելացել։

Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ Հայաստանի պարտքն անցել է 8 մլրդ 723 մլն դոլարից։ Անցած տարվա փետրվարին այն կազմել էր 7 մլրդ 350 մլն դոլար։

Նախորդ տարվա համեմատ՝ պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 373 մլն դոլարով։

Սա բացարձակ հակառեկորդ է, որին հասել է Նիկոլ Փաշինյանը։ Իր վարչապետության 3 տարիներին նա հասցրել է կուտակել շուրջ 2 մլրդ դոլարի նոր պարտք։

Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Հայաստանի պետական պարտքը կազմում էր 6,7 մլրդ դոլար։ Հիմա 8,7 միլիարդ է։

Երեք տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 29 տոկոսով։

Որպեսզի պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել պետական պարտքի ոլորտում, գանք սկզբից։

Հայաստանը պետական պարտք է ձևավորում դեռևս 1990-1991թթ. սկսած։ Դրան հաջորդող 28 տարվա ընթացքում կուտակվել է 6,7 մլրդ դոլարի պարտք։ Իսկ միայն վերջին 3 տարում, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը՝ կուտակված պարտքը կազմել է շուրջ 2 մլրդ դոլար։

Հիմա դժվար չէ համեմատել, թե ինչ է տեղի ունեցել պետական պարտքի ոլորտում. 28 տարում ձևավորվել է՝ 6,7 մլրդ դոլարի, 3 տարում՝ 2 միլիարդի պարտք։

Պարտքի գրեթե մեկ երրորդը կամ դրանից մի փոքր քիչ կուտակվել է վերջին 3 տարվա ընթացքում։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում պարտքը միջին տարեկան ավելացել է 660-670 մլն դոլարի չափով։

Սա վատագույն ցուցանիշն է, որն արձանագրվել է Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք։ Եվ ոչ միայն պարտքի զուտ անվանական աճի, այլև՝ պետական բեռի առումով։

Պարտքը հասել է համախառն ներքին արդյունքի 70 տոկոսին։ Նախկինում երբևէ Հայաստանը պարտքի այդպիսի բարձր ցուցանիշ չէր ունեցել, ինչպիսին ունի հիմա։

Առաջին նախագահի կառավարման վերջին տարում պարտքը կազմում էր ՀՆԱ 46 տոկոսը։ Երկրորդ նախագահի կառավարման 10 տարիներին այն նվազեց մինչև ՀՆԱ 13 տոկոսը։ Երրորդ նախագահը Նիկոլ Փաշինյանին իշխանությունը փոխանցեց պարտքի 58 տոկոս բեռով։ Ընդամենը 3 տարում Նիկոլ Փաշինյանն այն հասցրեց շուրջ 70 տոկոսի։

Տնտեսական ու ֆինանսական իրավիճակն այսօր մեր երկրում, մեղմ ասած, լավ չէ։ Ու դա բերել է նրան, որ իշխանությունները մեծ քանակությամբ նոր պարտքեր են վերցնում՝ բյուջեի ծախսերը կատարելու համար։

Տարին մեկնարկել է պարտքի ակտիվ համալրմամբ։ Պաշտոնական տվյալներով՝ տարեսկզբի 2 ամիսներին կուտակել ենք 755 մլն դոլարի նոր պարտավորություններ։

Հիմնական մասը՝ կառավարության պարտավորությունների գծով։  Կառավարության պարտքն անցած տարվա վերջի 7,5 միլիարդից այս տարվա փետրվարին հասել է 8,2 մլրդ դոլարի։ Դրանից 6,3 միլիարդն արտաքին պարտքն է։

Արտաքին պարտքը 2 ամսում ավելացել է 714 մլն դոլարով։ Դա տեղի է ունեցել բացառապես ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պարտատոմսերի գծով։ Խոսքը տարադրամային պարտատոմսերի կամ եվրոբոնդերի մասին է, որոնք կառավարությունը տեղաբաշխեց տարեսկզբին՝ ձեռք բերելով 750 մլն դոլարի պարտքային պարտավորություն։

Այդ թողարկումից հետո եվրոպարտատոմսերի գծով մեր երկրի պարտքը հասել է 1 մլրդ 658 մլն դոլարի։

Այն այլևս անցնում է արտաքին պարտքի 26 տոկոսից։ Մինչ այդ ընդամենը 16 տոկոս էր։

Վերջին թողարկումից հետո արտաքին պարտքի մեջ եվրոպարտատոմսերի կշիռն էապես ավելացել է, ինչը վատ է։ Վատ է այն առումով, որ ծանրացնում է պարտքի բեռը։ Այդ ճանապարհով ներգրավվող միջոցները թանկ փողեր են՝ անկախ նրանից, թե ինչքան ցածր կլինի տեղաբաշխման տոկոսադրույքը։

Որքան պետական պարտքի կառուցվածքում ավելանում են եվրոպարտատոմսերի տեղաբաշխումից ստացվող միջոցները, այնքան ծանրանում է պարտքի սպասարկումը։

Մեր պարագայում հենց այդպես էլ կա։ Պարտքի մեջ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պարտատոմսերը կամ թանկ պարտքերն ավելանում են, իսկ վարկերն ու փոխառությունները, որոնք անհամեմատ ավելի էժան միջոցներ են, նվազում են։

Տարվա առաջին 2 ամիսներին միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկերն ու փոխառությունները կրճատվել են ավելի քան 38 մլն դոլարով և փետրվարի վերջի դրությամբ կազմել են 4 մլրդ 627 մլն դոլար։

Կառավարության պարտքային պարտավորությունները ծանրանում են նաև ներքին պարտքի կամ դրամային պարտատոմսերի տեղաբաշխման հաշվին, որոնք ևս թանկ փողեր են և լրջորեն ճնշում են պետական բյուջեն։ Դրանց սպասարկումը պակաս ծանր չի նստում բյուջեի վրա.  գրեթե այնքան, որքան արտաքին պարտքի սպասարկումն է։ Չնայած ներքին պարտքն առնվազն մի քանի անգամ զիջում է արտաքինին։

Որքան էլ ներքին միջավայրից ներգրավվող միջոցները թանկ փողեր են, այնուհանդերձ կառավարությունը շատ հաճախ նախապատվությունը տալիս է դրանց հաշվին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Դա հիմնավորվում է նրանով, որ ներքին պարտքի սպասարկման համար հատկացվող գումարները մնում են մեր տնտեսության մեջ։

Այդպես էլ կա, սակայն ներքին պարտքը ծանր է նստում բյուջեի վրա։ Այն սպասարկելու համար բյուջեի սուղ միջոցներից հսկայական գումարներ են հատկացվում։ Բայց դա պատճառ չի համարվում ներքին պարտքը չավելացնելու համար։ Արտաքինին զուգահեռ՝ կառավարությունն ակտիվորեն մեծացրել է նաև ներքին պարտքի բեռը, որն ընդհուպ մոտեցել է 2 մլրդ դոլարի։

Հայաստանի պետական պարտքի կառուցվածքում ևս 500 մլն դոլարի պարտավորություն ունի կուտակած Կենտրոնական բանկը։ Վերջին տարիներին այն էական փոփոխություններ գրեթե չի կրել։ ԿԲ պարտքը հիմնականում կայուն է մնացել։ Չնայած այս տարի որոշ ակտիվություն կա. 2 ամսում Կենտրոնական բանկի պարտքն ավելացել է շուրջ 40 մլն դոլարով։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ