Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկումը․ պաշտոնական թվեր․ Ժողովուրդ
Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, համենայնդեպս այդ մասին վկայում են պաշտոնական թվերը: 2019-2021թթ. ՀՀ տնտեսությունը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին հրապարակումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. հունվարին, 2020թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 92.5%, այնինչ 2020թ. հունվարին, 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, 109.2 տոկոս էր կազմում:
Մեկ այլ ցուցանիշ. առևտրի շրջանառությունը 2021թ. հուվարին կազմել է 186,933.0 մլն դրամ, ինչը 2020 և 2019 թվականների նույն ժամանակաշրջանների համեմատությամբ պակաս է համապատասխանաբար 20,396.2 և 868.6 մլն դրամով:
Աշխատանք փնտրողների թիվը 2021թ. հունվարի դրությամբ կազմել է 88929 մարդ, ինչը 3543 մարդով կամ 4.1%-ով ավել է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 7015 մարդով կամ 8.6%-ով ավել է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2021թ. հունվարի դրությամբ կազմել է 61757 մարդ, ինչը 247 մարդով կամ 0.4%-ով պակաս է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 2874 մարդով կամ 4.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այսինքն՝ այս իշխանությունների ձախողումը տարեցտարի արտացոլվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։