19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Այդպես ո՞նց կարող է լինել՛՛. Երևանն ավելի շքեղ պիտի լինի

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը չի կարծում, որ բյուջեն համաչափ չի բաշխվում, մարզերին ավելի քիչ գումար է տրվում, քան մայրաքաղաք Երևանին, ինչի մասին բարձրաձայնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: ՛՛Ես այդպես չեմ կարծում. այս տարի մեր մարզում, որն ունի 114 համայնք, 90 համայնքում ծրագիր ենք իրագործել, իսկ դա հսկայածավալ աշխատանք է: Իրականացրել ենք դպրոցաշինություն, ճանապարհաշինություն, խմելաջրերի ներքին ցանցի վերանորոգում, ոռոգման ցանցերի վերանորոգում, մշակութային տներ են վերանորոգվել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանը:

Ամեն դեպքում նա նշեց, որ դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ ճանապարհներ, որ հարկ է բարեկարգել:՛՛Դպրոցներ կան, որոնք պետք է վերանորգվեն, սակայն մենք մարզում ունենք 120 դպրոց, որից 90-ը բարվոք վիճակում է գտնվում՛՛,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է դիտարկումներին, որ Երևանի տոնը մշտապես ավելի շքեղ է նշվում, քան այլ քաղաքներինը, և դրանից կարելի էր գումար խնայել ու այլ սոցիալական ծախսերի համար հատկացնել, մարզպետը նշեց, որ ոչ միայն մայրաքաղաքի տոնի համար է գումար հատկացվում, այլև այլ քաղաքների, իսկ տոներ նշելը պետք է: ՛՛Մեզ էլ են հատկացնում, մենք անկախության տոնակատարություն արեցինք բավական մեծ, մոտ տասը հազար մարդ էր մասնակցում: Անում ենք միջոցառումներ, իհարկե անում ենք: Երևան մայրաքաղաքն ավելի մեծ է դե հիմա, հո չենք կարող Աշտարակի հետ համեմատել՛՛:

Հարցին, թե չի կարծում, որ Հայաստանը դառնում է մայրաքաղաք-պետություն, Սարգիս Սահակյանը պատասխանեց. ՛՛Այդ ձևի չէ, Երևանում մեկ միլիոնից ավելի բնակչություն է ապրում, բայց ասենք Աշտարակի շրջկենտրոնում 27 հազար բնակիչ է, հիմա 27 հազար բնակչի համար էլ նույն ծավալի գումար պիտի՞ ծախսվի, Երևանի համար է՞լ: Երևանը մեկն է, Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է, բնական է, որ Երևանը պիտի ավելի շքեղ լինի, ավելի գեղեցիկ, բարետես ու մաքուր, որովհետև այդքան սփյուռքահայ մեր բարեկամներն ու հյուրերն են գալիս, տարբեր երկրների նախագահներ, պետական գործիչներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետք է պատշաճ մակարդակի մայրաքաղաք ունենանք:

Էտպես չէ, որ պետք է Երևանին ու Աշտարակին կամ Երևանին ու Վանաձորին նույն միջոցները հատկացվեն, այդպես ո՞նց կարող է լինել, որ վերցնենք՝ Վանաձորին բնակչությունն ինչքան է, Երևանինն ինչքան է, առավել ևս Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է՛՛,-եզրափակեց Արագածոտնի մարզպետը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ