Արարատ Միրզոյանի հրամանով միշտ ընդգծված առավելություն է տրվել ԵԽ-ում Թուրքիայի շահերի պաշտպանության փորձագետ, այժմ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանին․ Ժողովուրդ
«Մի քանի օր է, ինչ համացանցն ակտիվորեն քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, ապա արդեն լրագրողների հետ զրույցում Շուշի քաղաքն անվանեց Շուշա, այնուհետև ուղղեց իրեն:
Օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց՝ փորձելով հասկանալ, թե ով է Անուշ Բեղլոյանը, ինչպես է հայտնվել խորհրդարանում և, որ ամենակարևորն է, ում շահերն է պաշտպանում: Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա մինչև պատգամավոր դառնալը՝ 2005-2009թթ. և 2016 թվականից, եղել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի դասախոս (գործարար հաղորդակցություն և հասարակայնության հետ կապեր), 2008- 2014թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, 2014թ. մարտ-հոկտեմբեր՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի և հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար, 2015-2018թթ.՝ «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն:
Բայց, որ ամենակարևորն է, Անուշ Բեղլոյանը 2018թ. եղել է Եվրոպայի խորհրդի Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա և Հերցեգովինայում: Միգուցե ներկայիս պատգամավորը դեռ գիտի, թե նախկին աշխատանքն է կատարում, և մոռացել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է և ՀՀ շահերի սպասարկուն: Հավելենք, որ Բեղլոյանը Ազգային ժողովում է հայտնվել խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ, համարվում է նրա թիմակիցը և խորհրդարանական դիվանագիտության մեջ Արարատ Միրզոյանի հրամաններով Բեղլոյանին միշտ տրվել է ընդգծված առավելություն:
Փաստորեն, Անուշ Բեղլոյանը, որ Հայաստանում շատ օտարերկրյա պատվիրակություններ է ընդունել և այցեր կատարել, մինչև պատգամավոր դառնալը եղել է Թուրքիայի շահերի պաշտպանը։
Հետաքրքիր է՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղյակ է արդյոք այդ մասին, վերահսկվում է արդյոք այս ամենը, թե նորմալ է Թուրքիայի շահերը սպասարկող պատգամավոր ունենալը ՀՀ ԱԺ-ում: Ինչո՞ւ ենք այսպիսի պնդում անում, որովհետև պատգամավորի պաշտոնական կենսագրության մեջ գրած է, որ 2018թ. նա եղել է ԵԽ Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա և Հերցեգովինայում, ու չի ասվում, թե Թուրքիայի շահերի պաշտպանությունը որքան է տևել, գուցե մինչև այսօ՞ր:
Սակայն հետաքրքիր է, որ իմքայլական պատգամավորը լրագրողների հետ զրույցում փորձել է հերքել և ասել, թե տարածաշրջանային օնլայն քննարկման ժամանակ հնչեցրած իր մտքերը խեղաթյուրված են մատուցվում: «Պետք է առաջ նայենք, ոչ թե վերադառնանք անվերջանալի քննարկմանը, թե ով էր առաջինը, ում պատմական հողերն են, որովհետև, ինչպես գիտեք, հնագույն պատմիչներին ու պատմական քաղվածքներին մեջբերումներ անելիս Հայաստանին հասնող չկա», – ասել էր Բեղլոյանը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով քննարկել Բեղլոյանին պատգամավորական մանդատից գրվելու հարցը կամ նվազագույնը սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը, քանի որ «կոնֆերանսի ժամանակ հնչեցրած նրա մտքերը հակասում են ՀՀ պետական շահին և վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին»:
Ինքը Բեղլոյանը Գորգիսյանի գրառումը ոչ պրոֆեսիոնալ որակեց. «Պարոն Գորգիսյանը, լինելով երկու գումարումների փորձառու պատգամավոր և ունենալով բավականաչափ լավ կրթություն, չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ պետք է դնել սկզբնաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինձ վերագրվող խոսքեր պարունակող ինչ-որ լրատվամիջոցի նյութ։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։