”Ստացվում է` մենք խոշորին հուշում ենք առանց փաստաթղթերի քողարկել”
Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Սահմանամերձ համայքնները հարկերից ազատելու և մի քանի այլ օրենքների համատեղ փաթեթը: ‘’Ժառանգություն’’ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հարցրեց հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից, թե կոնկրետ որ համայնքների համար է գործելու այս օրենքը: ‘’Երբ ասում էինք` ոնց է ընտրվա գյուղերի ցանկը, ասում էիք` կառավարությունը կորոշի, ասում էինք` ինչի հիման վրա է, ասում էիք` կատարել ենք հետազոտություն: Այդ ո՞նց հասկանանք, հետազոտություն կատարել եք, գիտեք` որ գյուղերն են, թե չափորոշիչները նոր են որոշվելու’’: Միրումյանը պատասխանեց, որ չափորոշիչներն ու համայնքների ցանկը դեռևս որոշված չէ, իհարկե, առաջանահերթություն կտրվի այն բնակավայրերին, որոնք մշտապես թշնամու կրակոցների տակ են, սակայն սոցիալական վիճակը ևս հաշվի է առնվելու: ‘’Դրանք դեռ քննարկվելու են, ու կոնկրետ ուղղվածություն ու հաշվարկ առկա չէ այս պահին’’:
Պատգամավորը նաև նշեց, որ երբ Հայաստանում օրեր առաջ դժգոհություն բարձրացավ ‘’Շրջանառության հարկի’’ համար, խնդիրը պատժամիջոցների իմաստով գործողություններն էին: ‘’Ինչ եք մտածում, որ հարկային մարմինները չկատարեն գործողություներ, որ այստեղ բարձրաձայնում էր ժողովուրդը’’: ‘’Փաստաթղթավորման հետ կապված չի կարող լինել մի իրավիճակ, երբ ամբողջութամբ ազատում ենք հարկերից մի տարածք, մյուս կողմից ստեղծում մի հարթակ, որտեղ տնտեսվարող սուբյեկտները կարող են արհեստականորեն ձևավորել մանրածախ առևտրի օբյեկտներ ու քողարկել իրենց իրացման շրջանակները: Ստացվում է` մենք խոշորին հուշում, ասում ենք` առանց փաստաթղթերի կարող եք այս եղանակով քողարկել ձեր իրացման շրջանակները: Դրանք անհամադրելի են’’,-պատասխանեց փոխնախարարը:
Թևան Պողոսյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք այս օրենքը միայն ՓՄՁ-ներին է վերաբերում, թե նաև այն հիմնարկներին, ովքեր ԱԱՀ-ով են աշխատում: Միրումյանը պատասխանեց, որ նրանց էլ է վերաբերում: