Առաջին անգամ կայացավ հայ հոգևոր երգերի մարզային փառատոնը
Կիրակի Շիրակի մարզում առաջին անգամ անցկացվեց Հայ Հոգևոր Երգերի Մարզային փառատոնը, որն իր շուրջն էր համախմբել Հայաստանի հյուսիս-արևմտյան այս մարզի հոգևոր երաժշտությունը տարածող երգչախմբերին:
ՀՀ Շիրակի մարզպետարանի, ”Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա” և ”Արվեստը Հանուն Խաղաղության” հասարակական կազմակերպությունների ջանքերով Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին ընդառաջ Հառիճավանքում անցկացված փառատոնը նվիրվեց եղեռնի անմեղ զոհերի անմար հիշատակին ու Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145 ամյակին:
Փառատոնի անցկացման վայրը ևս պատահական չէր. Հառիճավանքը, որտեղ երկար տարիներ ապրել, ստեղծագործել և համերգային գործունեություն է ծավալել Կոմիտաս Վարդապետը, խորհրդանշական է եղել իր համար և բազում հուշեր ունի վանքի հետ կապված:
Հայ Հոգևոր Երգերի Մարզային Առաջին Փառատոնին մասնակցեցին.
Գյումրու Ն. Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի, Գյումրու Շիշյանի անվան երաժշտական դպրոցի, Գյումրու Աշոտ Բրուտյանի անվան երաժշտական դպրոցի, Գյումրու Շերամի անվան երաժշտական դպրոցի, Գյումրու ”Օկտավա” երաժշտական դպրոցի, Գյումրու թիվ 20 դպրոցի, Գյումրու ”Իմպրոռիթմ” վարժարանի, Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի, Ախուրյանի ”Ֆերմատա” արվեստի դպրոցի, Ազատանի արվեստի դպրոցի, Ամասիայի արվեստի դպրոցի մանկական երգչախմբերը, ինչպես նաև Արթիկի թեմի ”Սաղմոս” երգչախումբը և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ:
Փառատոնի բացման արարողությունը ընձեռնվեց Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին, որից հետո հայ հոգևոր երաժշտության և Կոմիտաս վարդապետի մասին ներածական խոսքով հանդես եկավ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի Փոխնախագահ և երաժշտագետ Հասմիկ Վարդանյանը:
Փառատոնի 11 երգչախմբերի միասնական կատարումները ղեկավարում էր ”Փարոս” և ”Հավատամք” երգչախմբերի գլխավոր դիրիժոր և Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի Խորհրդի Անդամ Րաֆֆի Միքայելյանը:
Փառատոնին փակման և շնորհավորական խոսքով հանդես եկավ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի հիմնադիր անդամ և ”Հայաստանի Փոքրիկ Երգիչներ” երգչախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Բոլոր մասնակիցներին պատվոգրեր և հուշանվերներ շնորհեցին Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի նախագահ Գայանե Բաղդասարյանը և Արվեստը Հանուն Խաղաղության հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Մարգարյանը:
Հայ Հոգևոր Երգերի Մարզային Փառատոնն անց էր կացվում առաջին անգամ, միտում ունենալով վերածվելու հանրապետական ամենամյա կայանալիք փառատոնի:
Թող, որ Հայ Հոգևոր Երգերի Փառատոնը Հայաստանի Հանրապետության հոգևոր կյանքի երաժշտական զարթոնքի նոր փուլի սկիզբ դառնա: