23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մինչև կառավարությունը չփոխվի, վստահությունը չվերականգնվի և կայունություն ու կանխատեսելի միջավայր չլինի, անհնար է որևէ ներդրում լինի․ Աուդիտորների պալատի նախագահ

 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից հետո տնտեսության կրած վնասներին։

Նաիրի Սարգսյանը նկատեց՝ տնտեսության համար յուրաքանչյուր սպառնալիքին, շոկին պետությունը ճիշտ չարձագանքեց։ Մասնագետի խոսքով կառավարությունն ամբողջությամբ անգործության մատնվեց և ձեռնարկեց ցայտնոտային, անհասկանալի քայլեր։ Ցանկացած ներդրող այս ամենը վերլուծում է և հասկանում, որ նման կառավարության հետ պետք չէ հույսեր կապել, քանի որ նրանք ադեկվատ չեն և չեն տիրապետում իրավիճակին․ «Բացի այդ ունենք նաև օբյեկտիվ պատճառներ՝ շրջափակման մեջ ենք գտնվում, տարածաշրջանի երկրների հետ էլ մրցունակ չենք։

Այս ամենին ավելացավ նաև պատերազմը։ Այսինքն, ներդրողն արդեն իսկ վախենում էր այստեղ ներդրում անել, դրան ավելացավ ռեալ պատերազմը և խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթը, որից հետո ներդրողների համար առաջին հերթին մտավախություն է ունեցվածքի կորուստը։ Այսինքն` ինչ կլինի, եթե ներդրումը կատարեն, կառավարությունը շարունակաբար ասի՝ լավ է, բայց մի գիշերվա մեջ թաքուն հանձնի։ Ռիսկ կա չէ՞, որ ներդրած գործարանն էլ մի գիշերվա մեջ հնարավոր է հանձնել։ Այսինքն` ոչ ոք էլ ներդրում չի անի»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Ընդ որում` նրա կարծիքով 2018թ․-ից հետո տնտեսությունն իներցիայով է շարժվել, իսկ 2019թ․-ին տնտեսական աճը, որպես այդպիսին, փուչիկ էր, որի մի մասն ապահովում էին պահային գործոնները, այն է` Վրաստանից կամ այլ երկրներից տրանսպորտային միջոցների ներկրումն ու Ղազախստան արտահանումը։ Նաիրի Սարգսյանի խոսքով մյուս խոշոր գործոնը դա վերջին երեք տարիների հարկային ստուգումներն էին․ «Պոպուլիստական հայտարարություններ էին անում՝ բոլորից հատ-հատ բերելու ենք։ ՊԵԿ-ը կանչում էր բիզնեսին, ասում՝ պայմանականորեն 10-15 մլն դրամ պետք է մուծեք պետբյուջե։ Մի կողմ եմ դնում դրա իրավաչափությունը կամ ոչ իրավաչափությունը, ուղղակի մուծվում էր և վերջ։

Վճարումը կատարելուն զուգահեռ հարկային հաշվետվությունների ճշգրտում էր տրվում։ Այսինքն` ցույց էր տրվում՝ իբր իրացումն ավելի բարձր է եղել, և դա առաջացնում էր կեղծ տնտեսական էֆեկտ։ Արտաքուստ հաշվետվություններում երևում է, որ ՀՆԱ-ի աճը բարձր է եղել։ 2019-ին որոշակի տնտեսական աճ ապահովվեց, ինչն ամբողջությամբ կեղծիք էր»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ 2020 թվականին ստեղծված փուչիկը պայթեց։ Տնտեսությունն առանց այն էլ անկում պետք է ապրեր, իսկ կորոնավիրուսի համավարակն ու պատերազմն ավելացրեցին տնտեսության անկման արագացումը։

Նաիրի Սարգսյանը նշեց, որ թեև չի հավատում Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներին, սակայն նույնիսկ նրանց հաշվետվություններից է ակնհայտ, որ ներդրումները նվազել են․ «Այս կառավարության հետ ներդրումային աճի հույս ունենալը միամտություն է, մինչդեռ ներդրումները տնտեսության զարկերակներն են, արյունատար անոթները, որտեղ պետք է անընդհատ ներարկում կատարվի։ Ներդրումների բացակայության դեպքում, որոշակի ժամանակ հետո տնտեսությունը կոլապսի մեջ հայտնվում, փլուզվում է ամեն ինչ։ Այսինքն` հետ ենք գնում ու սկսում մինուսից նորից կառուցել»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ պետությունը երբեք էլ նորմալ ներդրումային քաղաքականություն չի վարել և երբ եղածն էլ միտումնավոր, միամիտ կամ անգրագիտությունից ելնելով քանդում են, դա արդեն տնտեսության փլուզումն արագացնում է։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ