Քուրդ առաջնորդը Քոբանիում տեղի ունեցողը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ
“Քուրդիստանի հասարակությունների միության” գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը սիրիական Քոբանի քաղաքում տեղի ունեցող դեպքերը ցեղասպանություն է որակել և համեմատել Հայոց ցեղասպանության հետ, գրում է Ermenihaber.am-ը:
Բայըքը նշել է, որ Քոբանիում տեղի ունեցողը ցեղասպանություն է, որը իրականացվում է քրդերին կոտորելով և տեղահանելով: Նա ընդգծել է, որ նույն բանը 1915 թվականին օսմանյան պետությունը հայերի նկատմամբ է իրականացրել, իսկ այսօր թուրքական պետության աջակցությամբ “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությունն է անում: Նա Թուրքիային մեղադրել է Քոբանիում քուրդ ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումների հարցում ԻՊ-ի հետ համագործակցելու մեջ: Բայըքի կարծիքով թիրախը ոչ միայն Քոբանին է, այլ ամբողջ Ռոժավան /Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները/:
“Բռնաճնշումների միջոցով ցեղասպանություն իրականացնելը դարձել է թուրքական կառավարման ոճը”,-ասել է Բայըքը, նշելով, որ թուրքական պատմությունը ժողովուրդներին իրենց երկրներից զրկող ֆիզիական և մշակութային ցեղասպանությունների պատմություն է: Ըստ նրա՝ 1990-ականներին քրդերի դեմ նման քաղաքականություն է իրականացվել և թուրքական պետությունը չի հրաժարվել Հյս. Քուրդիստանում /Թուրքիայի արևելյան շրջաններ/ բռնաճնշումներով ցեղասպանության ռազմավարությունից և ծրագրերից:
Բայըքի խոսքերով թուրքական պետություն այժմ իր ցեղասպան քաղաքականությունը ԻՊ-ի միջոցով Ռաժովայում է փորձում իրականացնել:
Ermenihaber.am