Կցանկանա՞ Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայտառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան․ Առավոտ
Եթե շահերը ՌԴ-ին դրդեն որևէ նոր գործարքի գնալ Թուրքիայի հետ՝ ինչ-որ բաներ զիջել այստեղ և ինչ-որ բաներ ստանալ որևէ այլ տեղում, դա տեղի կունենա, և այստեղ որևէ մեկից չարժե նեղանալ կամ բողոքել աշխարհի անարդարությունից: Կցանկանա՞ արդյոք Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայտառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան:
Տնտեսության ոլորտում մեզ սպասում է ահավոր ճգնաժամ: Առանց պատերազմի և անգամ առանց կորոնավիրուսի էլ տնտեսության մեջ մեր գործերը վատ էին՝ ի հեճուկս պաշտոնական քարոզչության: Չի կարող լուրջ գործարարը գումարներ ներդնել անկայուն մի երկրում, որտեղ իրավական և, մասնավորապես, դատական համակարգը ենթարկվում է մշտական հարձակումների գործադիր իշխանության կողմից: Դե, հիմա պատկերացրեք, թե որ խելագար բիզնեսմենն է ներդրումներ անելու ջախջախված, պարտված երկրի տնտեսության մեջ, որի ղեկավարությունը ցուցաբերել է պետությունը ղեկավարելու կատարյալ անկարողություն:
Հումանիտար առումով աղետն ակնհայտ է՝ տասնյակ հազարավոր փախստականներ, որոնց կարիքները աղքատ և անկազմակերպ պետությունը չի կարողանա հոգալ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ստանալու ենք մարդասիրական օգնություն: Երբ կորոնավիրուսը վերջանա, և սահմանները բացվեն, միանգամայն կանխատեսելի է զանգվածային արտագաղթ՝ ոչ միայն փախստականների, այլև ՀՀ այն քաղաքացիների, որոնք չեն կարողանա իրենց ընտանիքները պահել, իրենց խաբված են զգում և այստեղ ապագա չեն տեսնում իրենց երեխաների համար:
Դիվանագիտական ոլորտում ոչ ոք լուրջ բանակցություններ չի վարի իր երկրի ամոթալի պարտությունն «ապահոված» ղեկավարի հետ՝ այն ղեկավարի, որը հանուն պոպուլիստական դիվիդենտների և գեղեցիկ հռետորաբանության տապալել է բանակցությունները:
Եվ վերջապես, բարոյահոգեբանական առումով մեր երեխաներին ու թոռներին դժվար կլինի շփվել այլ ազգերի հետ: Դեռ երկար ժամանակ կմնա հետևյալ բարդույթը՝ օտարները կասեն կամ կմտածեն՝ «դուք էն ազգը չե՞ք, որին ադրբեջանցիներն ու թուրքերը ջախջախել են»: Այդ բարդույթը կար նաև Մեծ Եղեռնի պատճառով, բայց այն ժամանակ մենք չունեինք պետության ղեկավար, որը պատասխանատու էր աղետի համար։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։