Մեծ ախպոր նման էր Մխոն
Հոկտեմբերի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին 20-ամյա Մխիթար Գալեյանին: Վերջինս զոհվել է Արցախի Հանրապետության սահմանը պահելիս՝ առաջնագծում՝ փրկելով զինակից ընկերոջ կյանքը, պատմում է Իրավունքը։
Արաբկիրցի հերոսն առավել հայտնի է որպես «Դուխավիկ Մխո»:
Դասընկերուհիներից մեկի խոսքով` Մխիթարը դեռ վաղ դպրոցական հասակից շատ քաջ էր:
«Փոքր տարիքում Մխոն մեծ մարդու նման մտածում էր: Երևի մեզանից ավելի հասուն ու առողջ էր դատում դեռ դպրոցական տարիներից»
«Մեծ ախպոր նման էր Մխոն: Երբ ինչ-որ հարց էր լինում մեզ հետ կապված` առաջինը նա էր իմանում այդ մասին, և օգնության հասնում առանց վարանելու, եթե իհարկե դրա կարիքը լինում էր»:
– Նշում է Մխիթարի համադասարանցին:
Մեր զրուցակցի խոսքով` Մխիթարն ուներ վերլուծական հիանալի միքտ:
«Ցանկացած պարագայում նա միանգամից իրադրությունը վերլուծում էր, մտածող տեսակ էր»:
Մեզ հետ զրույցում Մխիթարի դասընկերուհին նաև հավելեց, որ Մխիթարը ծնվել էր որպես հերոս:
«Նա հերոս տեսակ էր, ոչնչից չէր վախենում, արյունը եռում էր, կարծում եմ այդ ամենը հատուկենտ հերոսներին ի վերուստ է տրված»:
– Իր խոսքը եզրափակեց Մխիթար Գալեյանի համադասարանցին: