Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է եւ Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Սեպտեմբերի 28-ի դրությամբ շարունակում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան:
Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի ողջ երկայնքով իրադրության սրման վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց երկրների հայտարարությունները, միանշանակորեն ի ցույց են դնում, որ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը եւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության խաթարումը:
Բախվելով միջազգային հանրության այս դիրքորոշման միասնականությանը՝ ադրբեջանական կողմը դիմել է բացահայտ կեղծիքների տարածմանը՝ մեղադրելով հայկական կողմին մարտական գործողությունների սանձազերծման մեջ:
Մինչդեռ գոյություն ունեն անհերքելի փաստական հիմքեր առ այն, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ագրեսիան:
Տարիներ շարունակ Ադրբեջանը հետեւողականորեն խախտել է 1994-1995թթ. անժամկետ եռակողմ համաձայնագրերով հաստատված հրադադարի ռեժիմը, մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման եւ հրադադարի մոնիտորինգի ամրապնդման առաջարկները՝ ուժի կիրառման հնարավորությունների պահպանման եւ «մեղադրանքների խաղ» տանելու համար։ Դրա վերջին վառ արտահայտումն է, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը մերժել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շփման գծի մոնիտորինգ անցկացնելու խնդրանքը, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակն է եղել թաքցնել պատերազմ սկսելու իր ծրագրերը:
Ադրբեջանի ներկա ագրեսիան Արցախի դեմ բնութագրվում է երկու կարեւոր առանձնահատկությամբ․
Ադրբեջանի նախագահ Ալիեւի մակարդակով հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից եւ խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով,
Երկրորդ, այս նպատակի հետապնդման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։
Հատկանշական է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռեւս անցյալ դարի 90-ական թվականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Այնուհանդերձ, այս ագրեսիայի եւ դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը կրել է որակական փոփոխություններ եւ բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ:
Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների եւ տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական եւ քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին:
Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին եւ մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար:
Հայաստանը եւ Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու եւ չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:
Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է եւ Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ»։