Անչափահաս աղջկա տեսողության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ. ԱՆ
Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ տեղեկատվություն, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում և դեռահասի մոտ չկա կուրություն:
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ 2003 թվականին ծնված աղջիկ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ախտորոշման հստակեցման նպատակով իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում MRT 3T հետազոտություն, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ, որոնց արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»:
Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ՝ ախտորոշման հստակեցման նպատակով հետազոտությունները շարունակվում են: Ներկայում երեխայի վիճակը գնահատվում է բավարար և պատրաստվում է դուրսգրման»: