Հասարակության եկամուտներն ավելի արագ են աճել, քան գները
Տարեվերջից չորս ամիս առաջ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 4,1 տոկոս։ Վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալների համաձայն, յոթ ամիսների համեմատ այն փոփոխության չի ենթարկվել, թեեւ օգոստոսին հուլիսի նկատմամբ գրանցվել է այս տարվա համար չափազանց բարձր՝ 19,7 տոկոս, տնտեսական ակտիվության մակարդակ։ Աճը արտահայտվել է հիմնականում գյուղատնտեսության ոլորտներում։
Փոխարենը միտումները դրական չեն արդյունաբերության հատվածում։ Օգոստոսին այստեղ արտադրության ծավալները նույնիսկ նվազել են։ Ընդ որում, ինչպես հուլիսի, այնպես էլ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Մի բան, ինչը տնտեսական աճի ցուցանիշների մեջ նվազեցրել է արդյունաբերության մասնակցությունը։ Եթե յոթ ամիսների տվյալներով տնտեսության այս հատվածում գրանցվել էր 1,5 տոկոսանոց աճ, ապա ութ ամիսների արդյունքում այն նվազել է 0,6 տոկոսով եւ կազմել ընդամենը 0,9 տոկոս։ Թե դրանում ինչպիսին է եղել էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը, դժվար է միանշանակ գնահատել։ Ամեն դեպքում, կասկած չկա, որ այդ գործոնը որոշակի դեր ունեցել է։ Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը Հայաստանում գործողության մեջ մտավ օգոստոսից։ Որքան էլ այս անգամ հոսանքի թանակացումն անհամեմատ ավելի փոքր էր, այնուհանդերձ դրա ազդեցությունը տնտեսության տարբեր հատվածների վրա չէր կարող որեւէ կերպ չարտահայտվել։
Շարունակում է անկումը պահպանվել էներգետիկայում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 3,9 տոկոսով ավելի քիչ հոսանք է արտադրվել՝ պայմանավորված հիմնականում արտահանման ծավալների կրճատմամբ։ Նվազել է գազ-էլեկտրաէներգիա բանաձեւով Իրանին մատակարարվող հոսանքի քանակը։
Օգոստոսին միտումները դրական չեն եղել նաեւ ամբողջ արտահանման համար։ Այդ ամսին նախորդ տարվա համեմատ գրանցվել է ծավալների 10 տոկոս նվազում։ Մի բան, ինչն առաջին հերթին հաղորդակցության ուղիների հետ կապված ի հայտ եկած խնդիրների հետեւանք է։ Ինչպես հայտնի է, օգոստոսին, տեղի ունեցած փլուզման պատճառով հայաստանյան տնտեսավարողները շուրջ երկու շաբաթ զրկվեցին ցամաքային ճանապարհով արտահանում իրականացնելու հնարավորությունից։ Եթե հաշվի առնենք, որ Վերին Լարսը հայկական արտահանման հիմնական ուղղությունն է հանդիսանում, բնականաբար դժվար չէ ենթադրել, թե դա ինչպիսի բացասական ազդեցություն է ունեցել բեռնափոխադրումների վրա։
Ի տարբերություն արդյունաբերության եւ էներգետիկայի, զարգացման միտումները դրական են եղել գյուղատնտեսության մեջ։ Տնտեսական աճն այստեղ կազմել է 4,9 տոկոս, յոթ ամիսների 3,2 տոկոսի դիմաց։ Չնայած տարեսկզբին արձանագրված ցրտահարություններին ու կարկտահարություններին, այնուհանդերձ գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալների աճի համեմատաբար բարվոք վիճակ է։
Ակտիվության ոչ այնքան բարձր մակարդակի պայմաններում, այս տարի Հայաստանի տնտեսությունն առանձնանում է գնաճի ցածր մակարդակով եւ միջին աշխատավարձի աճով։ Տարեսկզբի ութ ամիսների տվյալներով, Հայաստանում գրանցվել է 3,1 տոկոսանոց գնաճ։ Այն դեպքում, երբ միջին աշխատավարձն ավելացել է 7,7 տոկոսով։ Սա նշանակում է, որ հասարակության եկամուտներն ավելի արագ են աճել, քան գները։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ