Երբ ամենայն հայոց զբոսաշրջիկը երբևէ կհնչեցնի պետության մասին մտահոգ պատասխան, այդ ժամանակ կարձագանքեմ. Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանին
Օրերս Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով զբաղվել սահմանադրական ճգնաժամով:
«Հանդգնում եմ խնդրել պատմության մեջ նախադեպը չունեցող մի բան` գեթ մեկ անգամ զբաղվե՛ք սահմանադրական ճգնաժամով, զբաղվե՛ք ձեր լիազորությունների անմիջական կատարմամբ, մինչև ՍԴ դատավորներ նշանակելը կարգավորե՜ք այս խայտառակությունը, մի քանի օր քրեական ենթամշակույթի դեմ Ձեր կատաղի պայքարը փոխարինեք Ձեր ու ձեր թիմակիցների շրջանում այնքան լայն տարածում ունեցող անգրագիտության, դեռահաս մեծամտության, անմար պատանեկության, մարտնչող տգիտության, լայնածավալ փնթիության ենթամշակույթի, թե կուզեք` անգամ մշակույթի դեմ պայքարով»,- մի շարք դիտարկումներ կատարելուց հետո՝ իր խոսքն ամփոփել էր նախկին նախարարը:
168.am-ն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով անդրադառնալ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև այս հարցի շուրջ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակած բաց նամակին:
«1. Ինչպե՞ս կարձագանքեք այս նամակին:
2. Համամի՞տ եք նախկին նախարարի այն ձևակերպման հետ, թե ՍԴ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը չեք ստորագրել, որպեսզի «չդատվեք»:
3. Որպես ՀՀ Սահմանադրության պահապան՝ արդյո՞ք պատրաստվում եք հստակ ձևակերպումներով անդրադառնալ ՍԴ-ում տեղի ունեցող զարգացումներին:
4. Դուք՝ որպես պետության գլուխ, Սահմանադրության երաշխավոր, ինչպե՞ս կընդունեք ՄԻԵԴ այն որոշումը, որով կվերականգնվի ՍԴ նախագահի և ՍԴ երեք դատավորների խախտված իրավունքները»,- նշել էինք մեր հարցման մեջ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ ուղարկել էին հետևյալ պատասխան–գրությունը.
«Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արփինե Հովհաննիսյանն արտահայտել է իր կարծիքը:
Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակում տարբեր առիթներով անդրադարձել է Սահմանադրական դատարանին վերաբերող հարցերին, այդ թվում նաև՝ իր դիրքորոշումն արտահայտելով Ազգային ժողովի ընդունած համապատասխան օրենքները ստորագրելով կամ չստորագրելով:
Հանրապետության նախագահի աշխատակազմը հետևում է միջազգային բոլոր, այդ թվում՝ դատական ատյաններում տեղի ունեցող՝ Հայաստանին առնչվող գործընթացներին: Անդրադառնալ մի որոշման, որն այսօր գոյություն չունի, առնվազն անտրամաբանական է»:
Արփինե Հովհաննիսյանին խնդրեցինք անդրադառնալ Նախագահի աշխատակազմից ստացած այս պատասխանին, նա ասաց. «Երբ ամենայն հայոց զբոսաշրջիկը երբևէ կհնչեցնի Հայաստան պետության մասին մտահոգ, բովանդակային պատասխան, այդ ժամանակ կարձագանքեմ, իսկ նման անբովանդակ անհեթեթությունների չեմ անդրադառնում»: