Պետական սկանդալ. նվիրված անձնագրեր՝ ո՞ւմ և ինչի համար. Գեղամ Նազարյան
Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը գրում է.
«Դիվանագիտական անձնագրերի սկանդալը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դա ուղիղ ճանապարհ է հասկանալու այս իշխանության նոր մերձավոր շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։
Իշխանությունները խուսափում են տրամադրել անվանացանկն՝ ում են հանձնվել դիվանագիտական անձնագրեր։ Սա անձերի խնդիր չէ, սա բացելու է վայրագույր և հասկանալու ենք, թե ինչ օլիգարխների, ինչ կրիմինալ դեմքերի, ում և ինչ ծառայությունների համար են տրվել դիվանագիտական անձնագրերը։ Սա անուղղակի ճանապարհ է պատկերացում կազմելու, թե ինչի մեջ է ներգրավված երկրի քաղաքական իշխանությունը և ում միջոցով։
Մոտ երկու տարի առաջ «հեղափոխականները» հարայ հրոցով հայտարարեցին, թե Հայաստանի ԱԳ նախարարությունում ահասարսուռ կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել: Պարզվեց, որ «օրենքի խախտումով» 395 հոգու դիվանագիտական անձնագիր էին տվել, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանին: Ազնիվ և ժուժկալ «հեղափոխական» իշխանությունները շտապեցին չեղարկել այդ անձնագրերը: Հատուկ հայտարարվեց, որ չեղարկվել է նաև Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը: Ստացվեց, որ Փաշինյանի աչքը Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագրի վրա էր:
Անցան ամիսներ, պարզվեց, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, իսկ ոմանք ավելի հավասար են: Շատերը մոռացան այս անձնագրերի պատմությունը, որովհետև այս երկու տարում ինչ ասես, որ ժողովուրդը չտեսավ:
Կոռուպցիայի դեմ «հերոսական պայքար» մղողներն ընդամենը երկու տարում հասցրել են դիվանագիտական անձնագրեր բաժանել 762 հոգու:
Ընդ որում, այդ 762 հոգուց առնվազն 369 հոգին դիվանագետներ չեն:
Դժվար է լինելու կառավարութունից պարզաբանում ստանալ: Փաշինյանն արդեն մեկ այլ առիթով ասել է, թե չի պատրաստվում անդրադառնալ իրենց ուղղված քննադատություններին և մեղադրանքներին և ապացուցել, որ ինքն ուղտ չէ:
Սա ուղիղ հարցադրումներից խուսափելու պարզ ձև է։ Բայց հետքերը թաքցնել հնարավոր չի լինելու։ Միևնույն է իմացվելու է, թե այդ «ընտրյալների» թվում պաշտոնյաների կանայք և նրանց երեխաներն են, թե նաև «հեղափոխության» բարեկամ գործարարները… Բոլոր կասկածները փարատելու մեկ պարզ միջոց կա՝ հրապարակել օրենքով սահմանված ցանկից դուրս դիվանագիտական անձնագիր ստացածների անունները»։