Վստահ եմ, որ յուրաքանչյուրս գիտակցում ենք անկախության ձեռքբերման ծանր գինը. Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Շնորհվորանքում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա կապակցությամբ: Անկախությունը մեր պապերի դարավոր երազանքն էր, որն իրականություն դարձավ հայ ժողովրդի պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
1991 թ. ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին, եւ 1991 թ. սեպտեմբերի 2-ը եղավ Արցախի ողջ ժողովրդի երազանքի իրագործման արձանագրումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը: Միջազգային հանրությանը արցախցին իր պայքարով, հերոսությամբ, ամուր կամքով եւ վճռականությամբ ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանելու եւ պահպանելու իր զավակների արյամբ սրբագործված հայրենի հողը, ձեռնամուխ եղավ բանակի հզորացմանը, տնտեսության վերականգնմանը եւ սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, ապացուցեց, որ ինքն է հայրենի օջախն ու անկախ պետականությունը պաշտպանողը, կառուցողը ու շենացնողը:
Վստահ եմ, որ յուրաքանչյուրս գիտակցում ենք անկախության ձեռքբերման ծանր գինը եւ այն պահպանելու գործում մեր պատասխանատվությունը, իսկ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի եւ օրինական որոշումը:
Այս փառավոր օրը նվիրական տոնի՝ Անկախության օրվա առթիվ գլուխ եմ խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջեւ՝ մաղթելով հայրենիքին խաղաղություն, իսկ ժողովրդին՝ անկոտրում կամք, ստեղծագործ կյանք, բարեկեցություն եւ անսասան հավատ ապագայի նկատմամբ:
Աստված պահապան Արցախ աշխարհին»: