Ուրեմն դու շատ նուրբ մաշկ ունես. նախարարը` լրագրողին
”Վերջնական չենք կարող ասել ծավալները, դեռ նոր է սկսվում բերքահավաքը, ցորենը կարելի է ասել ավարտվում է, պտուղը, բանջարեղենը շարունակվում է, խաղողը նոր է սկսվում.. ծավալների մասով վաղ է խոսել, բայց ընդհանուր կանխատեսումնորով տարին վատ տարի չէ` չհաշված կարկտահարությունն ու ցրտահարությունը, որ եղավ, եթե դա չլիներ մենք ավելի լավ ցուցանիշներ կունենայինք”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` խոսելով սպասվող բերքի ծավալների մասին:
Մեկ այլ հարցի, թե ինչպես է օգտագործվել 24,5 միլիոն գումարը, որը հատկացվել էր Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար, նախարարը պատասխանեց. ”Այդ գումարը հատկացված չէր պետբյուջեից, այն խնայված միջոցների հաշվին պիտի լիներ, բայց չի իրականացվել ծրագիրը”:
Նախարարը նկատեց, որ իրենք մոնիթորինգ են արել և պարզել, որ կարիք չկա: Լրագրողի դիտարկմանը, որ ինքն էլ է Ջերմուկում հանգստացել, սակայն մոծակների պատճառով չի ստացվել հանգիստը, նախարարն արձագանքեց. ”Ուրեմն դու շատ նուրբ մաշկ ունես…Միայն ձեզնով չի պայմանավորված, հազարավոր մարդիկ են այնտեղ հանգստացել ու չեն դժգոհել”:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, որ Զիմբաբվեից մարդիկ են վարձել ծիրան աճեցնել սովորեցնելու համար, նախարարը պատասխանեց, որ համապատասխան կառույցները հայտարարությամբ են հանդես եկել: