Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է. վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է.՛՛Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, իրականացվող շարունակական քայլերը մոտ ապագայում կտան դրական արդյունքներ:
՛՛Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման խնդիրները՝ հետևողական քայլեր իրականացնելով արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ՛՛,- ընդգծել է վարչապետ Աբրահամյանը և ԱԻՆ աշխատակիցներին մաղթել երջանկություն, բարեկեցություն ու անվտանգ ծառայություն:
Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար և Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ ԱԻՆ ՛՛Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանին, ՛՛Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ՛՛ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանին:
ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը և ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: