04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:

՛՛Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:

Սպիտակի երկրաշարժը վերապրած և բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար ձեր նախարարության ստեղծումը պարզապես հրամայական էր: ԱԻՆ-ը մեր հանրապետության երիտասարդ նախարարություններից է և արդեն հասցրել է ոչ միայն կայանալ, այլև դառնալ մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը վայելող, մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնող և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կառույց՝ ձեր հետևողական մասնագիտական աշխատանքի շնորհիվ:

Այսօր մեր ժողովուրդը հանձինս ձեզ ունի իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող ու ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Մարդիկ այսօր կասկած չունեն, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն՝ փորձությունն ու անելանելի թվացող իրավիճակը հաղթահարելու համար:

Առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են նաև կառավարման, մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման նոր մշակույթի ձևավորման, միջգերատեսչական արդյունավետ համագործակցության, հիմնախնդիրների լուծման համար երկրի ամբողջ ներուժի ներգրավման ոլորտներում:

Այսպիսի վերելքը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն և աճի տեմպերի պահպանում: Ես արդեն տեսնում եմ, թե ինչպես եք կյանքի կոչում իմ հանձնարարականը՝ որակյալ ծառայությունները հասցնել հեռավոր, հատկապես սահմանամերձ համայնքներ: Անելիքները շատ-շատ են և՛ փրկարարության, և՛ սեյսմիկ պաշտպանության, և՛ տեխնիկական անվտանգության, հիդրոմետ և հակակարկտային ծառայությունների, և՛ այսօր ամենահրատապ՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում: Նախարարության հայրենանվեր աշխատակիցների պարտքն է՝ պաշտպանել մեր բնակիչներին ոչ միայն աղետներից, այլև չավարտված պատերազմի վտանգներից:

Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը: Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, ձեր ընտանիքներին՝ բարօրություն և երջանկություն՛՛:

Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Նիկոլայի Ազարյանին փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու վերաբերյալ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչիկ Անտոնյանը և ՛՛Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության տեղեկատվության վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ Սուրեն Ղազարյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ