Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է
Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ թեթեւ մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը: Ավտոբուսների եւ բեռնատար ավտոմեքենաների համար երթեւեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից:
Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրեւների հետեւանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը եւ դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը:
Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով՝ առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթեւեկությունը կդադարեցվի:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության
լրատվական ծառայություն