Անվանի դերասան Ռոբին Ուիլիամսի գաղտնիքը
Չնայած դեռ չի ավարտվել 63-ամյա հայտնի դերասան Ռոբին Ուիլիամսի ինքնասպանության փորձաքննությունը, բայց նրա կինը՝ Սյուզան Շնայդերը հայտարարել է, որ ամուսինը պայքարում էր անհանգստության, դեպրեսիայի, ինչպես նաեւ Պարկինսոնի հիվանդության վաղ փուլի դեմ: Կնոջ խոսքով, Ուիլիամսը դեռ պատրաստ չէր հասարակության հետ կիսել այդ խնդիրները: Նրա հիվանդության մասին տեղյակ չէին անգամ ընկերները: Վերջիններս ցնցված են, որ նրանց ընկերը լուռ պայքարել է ինքն իր հետ, բայց ոչ ոք դա չի նկատել:
Սյուզանը նաեւ նշել է, որ ամուսինը կյանքի մեծ մասն անցկացրել է ուրիշների օգնելով եւ կոչ է արել օգնել բոլոր տեսակի առողջական եւ հոգեկան խնդիրների առջեւ կանգնած մարդկանց:
Հիշեցնենք, որ դերասանին մահացած հայտնաբերել էին օգոստոսի 11-ին՝ իր տանը՝ աթոռին նստած, պարանոցին գոտի կապված:
Գրիգոր Բաղդասարյան