ԱՄՆ պետքարտուղարությունը իր մտահոգություն է հայտնել գերեվարած հայ երիտասարդի մահվան փաստով
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը մահացել է “սուր սրտանոթային անբավարարությունից”:
“Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությամբ եւ այն հիմնավորումներով, որ նրա մահն առաջ է եկել ոչ բնական ճանապարհով: Միացյալ Նահանգներն իր խորը ցավակցությունն է հայտնում Պետրոսյանի հարազատներին”,- ասվում է հայտարարության մեջ:
Պետքարտուղարությունը նաեւ Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել իրականացնել միջադեպի խորը եւ թափանցիկ հետաքննություն եւ հանրությանը ներկայացնել արդյունքները: