23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Փաշինյանի ֆազն ու նոլը խփել է․ նրա տարիների շանտաժը Սերժ Սարգսյանը զրոյացրեց»․ Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Ապրիլի 24-ի միջոցառումների մասին՝ ասաց «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և, այո՛, հակադրեցինք այդ ընկալումն այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ. ժամանակին ոմանք չեն խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել։ Ազգային-ազգային ասելով՝ ավելի քան 25 տարի ազգին թշվառացրել են, ազգին թալանել են և դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո»։ Ինչպե՞ս կպատասխանեք վարչապետի այս մեղադրանքներին, ովքե՞ր են ազգայինի անվան տակ թալանել ժողովրդին։

– Վարչապետի պաշտոնը զավթած Փաշինյանը նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, երբ արդեն ունենք 29 մահ, 2000-ին մոտեցող հաստատված վիրուսակիրներ, երբ աշխարհը նոր տնտեսական և սոցիալական ճգնաժամի մեջ է, երբ Ադրբեջանը սկսել է ավելի խիստ և ավելի հաճախ խախտել հրադադարի ռեժիմը, երբ օդ ու ջրի պես մեր հասարակությանն ու քաղաքական ուժերին անհրաժեշտ է ազգային համերաշխություն, միասնություն, էլի բարիկադներ է կառուցում, էլի հին ու նորից է խոսում, խոսում է հների ուրվականից։

 Ես արդեն չգիտեմ՝ ինչ ասել։ Նման հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ազգային խայտառակություն է նման մտածողությամբ վարչապետ ունենալը։ Սա ազգային աղետ է։ Ի՞նչ է նշանակում՝ ազգայինի հին ու նոր ընկալում։ Ազգայինը Հայկ Նահապետից մինչև այսօր չունի հին ու նորի ընկալում, իր ընկալումը մեկն է, և իրական ազգայինը չի բաժանում քրիստոնեական և նախաքրիստոնեական շրջանները։

Այ ընկեր, այսօր ապրիլի 27-ն է՝ Լեռնահայաստանի օրը, Նժդեհ կարդա և կհասկանաս․ ազգայինում է՞լ ես հին ու նոր անում։ Կամ մի միջոցառում կազմակերպելով՝ ազգային չեն դառնում։ Այսինքն՝ մինչև Նիկոլը ոչ մի ազգային գործիչ չի՞ եղել, մինչև Նիկոլը բոլորը եղել են թալանչիներ, ազգայինի անվան տակ թալանել են, ինքն էլ սուրբ է, որ եկե՞լ է։ Լավ, սա անլուրջ է։ Երկրորդ՝ այդ անպատասխանատու հայտարարությունների շարանը՝ այդ ո՞վ է թալանել, կա՞ մի դատարանի վճիռ, անուն-ազգանունով խոսիր, հերիք է՝ այդպես անպատասխանատու հայտարարություններ անես։ 2-3 տարի շարունակ իր թերթն ու ինքն Ապրիլյան պատերազմի ազգային հաղթանակն էին ոչնչացնում, ազգային հերոսներին էին ոչնչացնում։

Սերժ Սարգսյանը գնաց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով, հանձնաժողովականներն ասացին՝ պատրաստված եկել է, և ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի ֆազն ու նոլը խփել է հենց Սերժ Սարգսյանի պատրաստված լինելուց, հանձնաժողովականների հարգալից վերաբերմունքից, և Նիկոլի հանձնարարականները, միգուցե, ի չիք են դարձել, չեն կարողացել նրանք նեղը գցել Սերժ Սարգսյանին կամ իրենց փաստարկներով մի փոքր հարցական դնել Ապրիլյան պատերազմի հաղթանակի վրա։ Նիկոլ Փաշինյանի տարիների շանտաժը Սերժ Սարգսյանը՝ հանձնաժողով գնալով, զրոյացրել է։

Ազգայինը գործունեությամբ է լինում, մի հատ միջոցառում անելով չի լինում։ Ապրիլի 24-ը համազգային է, հերիք է սեփականաշնորհես։ Կրակն ենք ընկե՞լ, որ ամեն առավոտ չենք արթնանում ու Աստծո տեղը Նիկոլի անունը տալիս, ասենք՝ վայ, Նիկոլ, շնորհակալություն, դու Աստծո պարգև ես հայ ազգի համար։

Ի՞նչ անենք՝ 3 միլիոնով ամեն առավոտ ծնկի գանք ու «Հայր մեր»-ի փոխարեն՝ հայր Նիկոլ ասե՞նք։ Լավ, այսքան անլուրջ կարելի՞ է լինել։ Քանի՞ ազգային իշխանություն եք ճանաչում, որը հովանավորում է տրանսգենդերությունը, 20 մլն դրամ է տրամադրում և ասում՝ իմ պաշտպանության տակ ես։ Քանի՞ ազգային իշխանություն եք ճանաչում, որի պաշտոնյաները հարձակվում են Վեհափառի և Եկեղեցու վրա։ Քանի՞ ազգային իշխանություն եք ճանաչում, երբ Վեհարանը գրավում են և այն գրավողին պաշտոն են տալիս։ Քանի՞ազգային իշխանություն եք ճանաչում, որի կրթության նախարարը Կարաբինային ընդունում է, իսկ հայագիտական առարկաների պարտադիր լինելու պահանջով իր մոտ գնացած դեկանների և ամբիոնի վարիչների վրա մուննաթ է գալիս։ Այս շարքը շատ է։

– Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ Ապրիլի 24-ի միջոցառումով իշխանությունը կարողացավ իրագործել «ճգնաժամը` որպես հնարավորություն» թեզը և քաղաքակրթության նոր նշաձող սահմանել։ Այս հայտարարությունների վերաբերյալ ի՞նչ կասեք։ 

– Ճգնաժամը՝ որպես Նիկոլի PR-ի միջոց, կարողացան իրագործել․ մինչև գիշերվա 2-ը պապիկին պահեցին, հետո Նիկոլի բարի կամքի շնորհիվ պապիկին տարան Ծիծեռնակաբերդ։ Ազգայինից եք խոսում, ազգայինի հիմքը քրիստոնեական արժեհամակարգն է․ աջ ձեռքդ չպետք է իմանա, թե ձախն ինչ է անում։ Հանձնարարեիք՝ թող մարդը լուռ գնար՝ իր ծաղիկը դներ, ոչ թե լայքեր հավաքելու համար փարիսեցիություն անեիք։ Մեկ է՝ ինչքան էլ ուզենաս շատ լայք հավաքել, Քիմ Քարդաշյանից ավելի չես հավաքելու․ գոնե յան ազգանունով մեկը կա, որ քեզնից շատ լայք է հավաքում։ Չափանիշը պետք է լինի լուռ գործ անելը, ոչ թե լայք հավաքելը։ Սա աբսուրդ է․ ամբողջ աշխարհում իշխանություններն են համերաշխության, կոնսոլիդացիայի կոչ անում, մեզ մոտ հակառակն է՝ իշխանությունն ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործում է՝ ազգը բաժանելու համար։

Հիմա արդեն Ապրիլի 24-ի միջոցառումներն ենք բաժանո՞ւմ՝ որն է լավ, որը՝ վատ, չե՞ք ամաչում։ 100-րդ տարելից ենք արել, մեզ վերագրե՞լ ենք, ասե՞լ ենք, որ 120 երկրից պատվիրակություն է եկել, 4 նախագահ է Հայաստան եկել, ավելին, երբ ասում է՝ թալանել են, տեսեք, այդ ազգային միջոցառումների ժամանակ պետական բյուջեից 1 կոպեկ ծախսվե՞լ է։ Ես եղել եմ 9 բարեկամական խմբի ղեկավար, այսքան ժամանակ կուրծք ծեծե՞լ եմ, թե ինչ եմ արել։ Մի երկրում Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ որևէ քայլ արե՞լ եք՝ բացի թարս քվեարկելուց, գոնե լռեք, ամոթ է։

– Բայց դա թափանցիկ աշխատաոճ չէ՞. միգուցե ժամանակին դուք էլ պետք է ձեր կատարած քայլերի վերաբերյալ բարձրաձայնեիք։

– Միգուցե, Նիկոլի չափանիշերով և լայքային քաղաքականության չափանիշերով՝ այո, Հանրապետական իշխանության սխալներից մեկը եղել է այն, որ առավոտից երեկո գլուխ չենք գովացել, բայց մեզ համար կարևորը չի եղել զազրախոսելն ու գովազդվելը։ Կոնկրետ ինձ համար կարևորը եղել է արդյունավետությունը, և ես հպարտ եմ իմ գրանցած արդյունքներով, որ Չեխիայում նախաձեռնել եմ Ցեղասպանության ճանաչում և հասել դրան, որ մեր իշխանությունը Գերմանիայում հասել է դրան։ Ի՞նքն ինչ է արել։

Ապրիլի 24-ը խոնարհման, հիշատակի, միասնության օր է, այդ օրվա խորհուրդն ազգային վերածննդի, ազգային միասնության և լռության մեջ է, խորհելու, վերագնահատելու մեջ է, այլ ոչ թե Ապրիլի 24-ն օգտագործես նորից ղժղժալու, բարիկադներ կառուցելու, հին ու նոր ասելու։ Ի՞նչ, պետք է առավոտից բոլորս շնորհակալություն հայտնեինք նրան, որ ապրիլի 24-ի միջոցառում է արե՞լ։ Դու 365 օրվա մեջ Ապրիլի 24-ի մասին հիշում ես միայն ապրիլի 24-ին։ Իր այս հայտարարությունը ցույց տվեց, որ իր համար էական է ոչ թե զոհերի հիշատակը, ոչ թե ազգային վերածնունդը, ոչ թե վերագնահատելն ու խորհելը, լուռ աղոթքը, այլ նորից Ապրիլի 24-ն օգտագործելը՝ սեփական PR-ի համար, և դա շատ հստակ երևաց պապիկի հայտնի դեպքից։ Այս մարդու ուշքն ու միտքը շոուն է։

– Արդյո՞ք այդ «շոուն» չի աշխատում, թե՞, այնուամենայնիվ, մարդիկ հիասթափվել և ձանձրացել են դրանից։

– Նիկոլ Փաշինյանն է ընդունել, որ մարդիկ հիասթափվում են։ Հիշո՞ւմ եք՝ այն ժամանակ, երբ մենք ասում էինք՝ սխալ է հիմա գնալ ընտրությունների, մարդիկ էյֆորիայի մեջ են, էմոցիոնալ փուլ է, ինքն ասաց՝ էյֆորիան 5 տարի չի անցնելու, բայց 1 շաբաթ առաջ ուղիղ եթեր մտավ և հիասթափվածների խմբեր ներկայացրեց ու անվանարկեց այդ մարդկանց։ Ինքն ասում է՝ 3 մլն վարչապետ կա, բայց հիմա այդ մարդկանց անվանարկում է։ Անընդհատ ասում է՝ թալանչիներ, եթե թալանչիությունից խոսենք, ապա իր իշխանության օրոք իր նշանակած պաշտոնյաներն արդեն կաշառք վերցնելու մեջ մեղադրվում են, բա պարգևավճարները։ Ձեզնից մեծ թալանչի՞։ Եթե այդքան ազգային իշխանություն ես, ինչքան քո պատգամավորին ես պարգևավճար տալիս, այդքան էլ թոշակառուների թոշակները բարձրացրու։

– Դե, ասում են՝ պատասխանատու գործ են անում։

– Ամենապատասխանատու գործը խոստումները կատարելն է։ Ինքը հայտարարել է, որ ճոխությունից պետք է հրաժարվի, բայց Հայաստանի ամենաճոխ ապրող ղեկավարն է, պետական միջոցները ամենաշատն իր վրա են ծախսվում։ Ոչ Տեր-Պետրոսյանն է 350 հազար դոլար տվել՝ թռել Լոս Անջելես, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը։

Այդ 350 հազար դոլարը տատիկ-պապիկներին թող տար։

Ես դեմ չեմ, որ պետական աշխատողը շատ վճարվի, բայց պետք է արդյունքի համար վճարվի։ Էդ ի՞նչ են արել։ Ոչ մի բանով չեն տարբերվում Յակոբինյաններից։ Նրանք էլ էին ապրում այդ տենդի մեջ, որ ամեն ինչը նոր լինի, նույնիսկ Ֆրանսիայում ամիսները փոխեցին, դուք էլ փոխեք, ապրիլը դրեք Նիկոլի անունով, մյուս ամիսը՝ աներձագի, և այդպես 12 ամիսը փոխեք, ոնց որ Յակոբինյաններն են արել։

Մեկ տարի առաջ, երբ ուզում էին քաղաքացու օրը նշել, ասել եմ՝ ընկեր ջան, ինչո՞ւ եք հեռվից գալիս, միանգամից Հայաստանը վերանվանեք Նիկոլստան, Երևանը՝ Նիկոլավան, հրապարակում էլ Նիկոլի արձանը դրեք, ու վերջ։ Մի մարդ, որ ազգային գաղափարախոսությունն էլ է հնի ու նորի տանում, ի՞նչ ասեմ։

Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ և՛ հաղթանակը, և՛ սուգը բոլորինս է, այստեղ էլ է հին ու նոր անում։ Ես առաջարկում եմ, որ պատմաբանները պատմության դասագրքերում փոփոխություններ անեն և գրեն, որ Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսական մարտերը, Շուշիի ազատագրումը Նիկոլի շնորհիվ են եղել, մեզ այսքան տարի սխալ են սովորեցրել։ Նույնիսկ Բեռլինը ոչ թե Մարշալ Ժուկովն է գրավել, այլ Նիկոլ Փաշինյանը, և իրեն պետք է տալ ամենաազգային և աննախադեպ գործչի տիտղոս:

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ