Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Պուտինի հետ Լեւոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ
Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի 10986 քաղաքացիներ իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում ձերբակալված բարերար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ առողջական վիճակի բերումով փոխելու հարցը:
“Օգոստոսի 13-ին Մոսկվայի դատարանը վերաքննիչ կարգով քննելու է Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու փաստաբանների բողոքը: Այն հիվանդությունների փունջը, որով ներկայումս տառապում է Հայրապետյանը /քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ/, ինչպես նաեւ վերջին օրերին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացումը, որը պատճառ է հանդիսացել կալանավայրում մի քանի ուշագնացությունների պահանջում են նրան կալանքից ազատելու եւ հիվանդանոց տեղափոխելու անհապաղություն՝ թե´ ՌԴ իրավական ակտերով, թե´ զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով:
Հաշվի առնելով Սոչիում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ բարձրացնել նաեւ Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը” – մասնավորապես ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքը արձագանք կստանա:
Ի դեպ, նշենք, որ բաց նամակի տակ ստորագրել է նաեւ Լեւոն Հայրապետյանի հայրենի Վանք գյուղն՝ իր ամբողջ բնակչությամբ:
Artsakh Today մամուլի կենտրոն