ԵՊՀ ուսանողներն Արցախում էին
Հուլիսի 27-ին ԵՊՀ ուսանողները մեկնեցին Հադրութի շրջանի Տող գյուղ՝ ուսանողական վրանային ճամբարում մեկ շաբաթ անցկացնելու նպատակով:
Վերջին տարիներին ԵՊՀ ուսանողական ծրագրերն Արցախում աչքի են ընկնում իրենց բովանդակային եւ աշխարհագրական բազմազանությամբ՝ գիտաժողովներ, ծառատունկեր, գիտաճանաչողական արշավներ, ամառային դպրոցներ եւ այլն: Այս անգամ ծրագրի իրականացման հիմնական վայր է ընտրվել Հադրութի շրջանի Տող գյուղը, որտեղ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը եւ Ուսանողական խորհուրդը կազմակերպում են ուսանողական վրանային ճամբար-բանակում, որին մասնակցում են նաեւ արցախցի ուսանողներն ու Կովսականի երիտասարդները:
Նախաձեռնության նպատակն է խթանել ուսանողների հայրենաճանաչողական մղումները, մեկ հարկի տակ համախմբել Արցախի խնդիրներով մտահոգ երիտասարդներին, ովքեր տեսակետների եւ փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման միջոցով կամրապնդեն համագործակցության կապեն ու կնախաձեռնեն նոր ծրագրեր: Ճամբարի վրանային պայմանները լավագույնս կօգտագործվեն ռազմահայրենասիրական դաստիարակության, առողջ ապրելակերպի եւ թիմային հոգու խթանման համար:
Ճամբարի ծրագրով նախատեսված են նաեւ մի շարք դասախոսություններ ու սեմինարներ ուսանողական ինքնակառավարման խնդիրների, երիտասարդական կազմակերպությունների դերի, Արցախի պատմության, ԼՂՀ հիմնահարցի եւ այլ թեմաների վերաբերյալ, կլինեն նաեւ հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ:
Հադրութի շրջան մեկնելիս ճամբարի մասնակիցներն եղան Խնձորեսկում՝ Մխիթար Սպարապետի գերեզմանին: Ճամբարականներն առաջիկա օրերին նախատեսում են այցելել նաեւ Դիզափայտի լեռան գագաթին գտնվող Սուրբ Կատարո վանք, Ազոխի քարանձավներ, Ամարաս վանք, Տիգրանակերտ, իսկ վերադարձին՝ Շուշիի Ղազանչեցոնց եկեղեցի: