23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տնտեսական աճը կդանդաղի. այլ հարց է, թե այն մինչև ուր կարող է հասնել․168.am

168.amը գրում է․ «Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ սպասումներն այլևս չունեն նախկին լավատեսությունը։ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ առաջիկայում տնտեսական աճը բավականին կդանդաղի։ Բայց թե այն մինչև ո՞ւր կարող է հասնել, առայժմ ԿԲ-ն գնահատականներ չի տալիս։

Իր կանխատեսումներում, իհարկե, Կենտրոնական բանկն օրիգինալ չէ։ Ակնհայտ է, որ տնտեսական զարգացումները գնում են դեպի պասիվացում։ Ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ Հայաստանի տնտեսությունը հայտնվել են ճգնաժամային իրավիճակում, ու դեռ պարզ չէ, թե այդ իրավիճակն ինչքան կարող է պահպանվել։ Անորոշությունները չափազանց շատ են, իսկ կայունացման նշաններ առայժմ չեն երևում։

Այնուհանդերձ, Կենտրոնական բանկը համարում է, որ Հայաստանի տնտեսության աճի դանդաղումը կկրի կարճաժամկետ բնույթ, ինչը երկարաժամկետ հատվածում չի ազդի երկրի տնտեսական պոտենցիալի վրա։ Այդպես մտածելու համար գուցե որոշակի հիմքեր կան։ Բայց առկա անորոշությունների պայմաններում դեռ վաղ է ասել, թե հետագայում ինչ կմնա տնտեսական պոտենցիալից։

Կենտրոնական բանկի դիտարկումով՝ կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային շուկաների ազդեցությունները Հայաստանի տնտեսության վարքագծում արտահայտվում են առաջարկի և պահանջարկի միաժամանակյա կրճատմամբ։ Հիմնական ազդեցությունները կրում է ծառայությունների ճյուղը։ Առավել թիրախային են հատկապես զբոսաշրջության և ժամանցի  կազմակերպման ենթաճյուղերը։

Ստեղծված իրավիճակում՝ հետևելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի օրինակին, Կենտրոնական բանկը նպատակահարմար է համարել թուլացնել դրամավարկային քաղաքականության պայմանները։ Իհարկե, ի տարբերություն Դաշնային պահուստային համակարգի, Կենտրոնական բանկը շատ ավելի զգուշավոր զիջումների է գնացել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելով 0,25 տոկոսային կետով։

Այս քայլով փորձ է արվում հերթական խթանները հաղորդել տնտեսությանը։ Այլ հարց է, թե դա որքանո՞վ կհաջողվի, որովհետև առկա առողջապահական խնդիրների պայմաններում ՝դրամավարկային քաղաքականության գործիքների ազդեցությունը շատ սահմանափակ է։ Ամեն դեպքում Կենտրոնական բանկը գնացել է դրան՝ համարելով, որ արտաքին հատվածը Հայաստանի գնաճային միջավայրի վրա ունի զսպողական ազդեցություն։

«Աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածումը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական աճի վրա։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում զգալի աճել են անորոշությունները, ինչն արտահայտվել է զարգացած երկրների բորսայական ինդեքսների շարունակական անկմամբ, հանքահումքային ապրանքների գների նվազմամբ, զարգացող երկրների փոխարժեքների արժեզրկմամբ, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա գնահատվում է գնանկումային»,- ասվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ հայտարարության մեջ։

Նվազեցնելով տոկոսադրույքը՝ Կենտրոնական բանկը խթանում է փողի մուտքը տնտեսության մեջ։ Չնայած այս պահին տնտեսության վերականգնման գործում շատ ավելի կարևոր է կառավարության օժանդակության գործիքների և, հատկապես, հարկաբյուջետային քաղաքականության դերը, որտեղ սակայն խնդիրների պակաս չկար նույնիսկ մինչև հայտնի իրադարձություններն ու կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունները։

Կառավարությունը չի կարողանում կարգավորել իր հարկաբյուջետային քաղաքականությունը և այնպես անել, որ դա ոչ թե վնասի, այլ ծառայի տնտեսության զարգացմանը։ Արդյունավետությունն այս հատվածում շատ ցածր է։

Ու եթե այդպես պիտի լինի նաև առաջիկայում, ապա դժվար է մեծ սպասելիքներ ունենալ, որքան էլ Կենտրոնական բանկը թուլացնի դրամավարկային քաղաքականության պայմանները՝ որոշակի ռիսկեր ստեղծելով նաև իր համար։ Ի վերջո, բանկի գլխավոր առաքելությունը գնաճի և ֆինանսական կայունության ապահովում է։ Խնդիր, որն առավել ևս կարևորվում է վերջին շրջանում, երբ ամբողջ աշխարհում ահագնացել են սպառնալիքները։

Ամեն դեպքում Կենտրոնական բանկը հաստատակամ է և համարում է, որ ունի բավարար հնարավորություններ՝ երկրում ֆինանսական կայունության ապահովման և ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման համար։ «Կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի (իրացվելիության տրամադրման գործիքներ, մակրոպրուդենցիալ և տնտեսական նորմատիվներ), որոնք ըստ անհրաժեշտության կիրառվում են ֆինանսական համակարգի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները կլանելու կամ մեղմելու համար»,-ի պատասխան հնչող անհանգստությունների՝ օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ Կենտրոնական բանկը։

Ֆինանսական կայունության առումով այս պահին Հայաստանում խնդիրներ կարծես չկան։ Մի պահ արձանագրված խուճապային տրամադրություններից հետո՝ վերականգնվել է հավասարակաշռությունը նաև արժութային շուկայում, ինչը չափազանց կարևոր է։

Պետք է գիտակցել, որ խուճապային տրամադրությունները երբեք և ոչ մի պարագայում օգուտ չեն բերում՝ ինչպես հասարակությանը, այնպես էլ՝ ֆինանսական համակարգին։ Անկայուն իրավիճակներում անիմաստ է վազել բանկ և փոխանակել գումարները։ Դրանից միայն վնասներն են շատանալու։

Ելնելով երկրի ֆինանսական կայունության ապահովման կարևորությունից՝ բազմաթիվ ֆինանսական կազմակերպություններ պատրաստակամություն հայտնեցին օժանդակել այն տնտեսվարողներին ու ֆիզիկական անձանց, ովքեր ֆինանսական դժվարությունների հետևանքով՝ բախվել են վարկային պարտավորությունների ժամանակին կատարման փաստի հետ։ Առկա իրավիճակում վարկային արձակուրդները գուցե և փրկություն են տնտեսական հատվածի ու ֆիզիկական անձանց համար։ Բայց դա ժամանակավոր օժանդակություն է։

Ուստի անհրաժեշտ է հույսը դնել ոչ թե վարկային արձակուրդների վրա, այլ քայլեր ձեռնարկել վարկառուների եկամուտների վերականգնման համար։ Վարկային արձակուրդները չեն կարող երկար շարունակվել, ու եթե ցանկանում ենք հետագայում վարկերի վերադարձման հետ կապված սուր իրավիճակներ չունենալ, կառավարությունը պետք է մտածի տնտեսությանն օժանդակող հնարավորինս լայն գործիքներ կիրառելու մասին»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ