24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուշագրավ իրավիճակ. Նիկոլ Փաշինյանը կփակի՞ անցյալի էջը. 168 Ժամ

Երեկ Գորիսում կայացած քարոզչական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին է ներկայացվելու նաեւ «Հանրաքվեի հռչակագիրը», որը նա հրապարակել է այդ նույն հանրահավաքում։

Այդ փաստաթուղթը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պարունակում է իրավաքաղաքական գնահատական նախորդ երեսուն տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին։ Այդ հռչակագրի տրամաբանությունն այն է, որ սկսած 1995 թվականից՝ մինչեւ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, Հայաստանում ամեն ինչ վատ է եղել, գործել են կոռումպացված, հանցավոր իշխանություններ, քաղաքացիները հարստահարվել են, բյուջեն թալանվել է, եւ այլն, ու այդպես շարունակ։

Այսինքն՝ հռչակագիր անվանված այդ փաստաթուղթն իր մեջ պարունակում է գրեթե բոլոր այն հիմնական թեզերը, որոնցով Նիկոլ Փաշինյանը կերտել է ընդդիմադիր քաղաքական գործչի իր կարիերան։

Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ գրեթե ամբողջությամբ պոպուլիստական մեղադրանքներից բաղկացած այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է՝ որպես «հանրաքվեի հռչակագիր», որպեսզի հասարակությունը վավերացնի դրանք։ Սա, իհարկե, առաջին հերթին քարոզչական հնարք է, որով հանրաքվեին կրկին տրվում է անցյալի դեմ պայքարի նշանակություն։ Բնականաբար, սա քաղաքական եւ ոչ թե՝ իրավական փաստաթուղթ է, եւ ֆորմալ առումով այն չի ներառվելու հանրաքվեի ընտրական թերթիկում։

Բայց սրանով հասարակությանը ուղերձ է հղվում առ այն, որ ԱՅՈ ասելով՝ քաղաքացիները վավերացնելու են անցած երեսուն տարիներին պաշտոնավարած իշխանությունների «դատավճիռը»։ Բացառված չէ, իհարկե, որ դա ազդի քաղաքացիների դիրքորոշման վրա, եւ մարդկանց մի մասը հանրաքվեին մասնակցի «դատելու, կախելու, հետ խլելու» մղումները բավարարելու նպատակով։ Բայց թե ինչ է այն տալու իրականում քաղաքացուն, Հայաստանի ապագայի օրակարգին, չափազանց դժվար է ասել։

Ի դեպ, հրապարակված հռչակագրում կա չափազանց հետաքրքիր մի դրվագ։ Հռչակագրի վերջում ասվում է․ «2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը ՀՀ-ում»։

Հետաքրքիր է, եթե ապրիլի 5-ին անցյալի, նախկինների էջը փակվում է, ինչի՞ վրա է դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կառուցելու իր քաղաքականությունն ու քարոզչությունը․ արդեն շուրջ երկու տարի նրա իշխանությունը հիմնված է անցյալի հետ հակադրության, նախկիններին որպես ներքին թշնամի ներկայացնելու թեզի վրա։ Հետեւաբար, եթե այդ էջն այլեւս փակվում է, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն այլեւս չպետք է խոսեն անցյալի, նախկինների մասին։ Եթե այդ տրամաբանությունը գործի, ապա դա կարելի է համարել այս հանրաքվեի միակ դրական արդյունքը Հայաստանի ու հայ հասարակության համար:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ