24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Կորոնաիշխանությունների» ծանր հարվածը

Եվ այսպես, ելնելով լույս մարտի 1-ին վարչապետ Փաշինյանի արած հայտարարությունից, կորոնավիրուսն արդեն չորրորդ օրն է, որ Հայաստանում է: Թե քաղաքական տեսանկյունից դա ինչ ազդեցություն թողեց, չմանրամասնենք, աչքի առաջ է: Սակայն իրողությունն այն է, որ կորոնավիրուսը սկսել է լրջագույն ազդեցություն թողնել նաեւ հայաստանյան սոցիալ-տնտեսական համակարգի վրա: Այ, դա արդեն շատ ավելի կարեւոր է, հաշվի առնելով, որ առանց այդ էլ վիճակներս մի բան չէ, գրում է Իրավունքը

Չնայած, հիմնական ազդեցությունը թողեց ոչ թե բուն կորոնավիրուսը, այլ այն տոնայնությունն ու խնդիրները, որոնք մեր իշխանական վերնախավը դրել էր Հայաստանում վիրուսի առկայության տեղեկատվության տակ: Միայն այն, որ վարչապետն այդ լուրը ներկայացրեց գիշերային հայտարարության միջոցով, ինչը, երեւի, նորմալ երկրներում կանեին միայն պատերազմի դեպքում, արդեն իսկ բնական էր` խուճապային տրամադրւթյուններ հրահրելու համար: Առավել եւս, որ չինովնիկությունը ՙծանր ու մեծ՚ քննարկումներից հետո այլ բան չմտածեց, քան դպրոցները փակելը: Բայց ինչո՞ւ, եթե ըստ պաշտոնական տվյալների, ընդամենը մեկ վարակված կա, այն էլ` դրսից եկած ու մեկուսացված: Ավելին, մեկուսացված էին նաեւ նրա հետ բոլոր շփվածները:

Ու ահա վերցնում եւ բուհերն ու դպրոցներն են փակում: Այդ ո՞ր տրամաբանությամբ, որ երեխաներն իրար հետ չշփվե՞ն: Բայց չէ± որ առանց դպրոցի էլ շատ լավ շփվում են, ու նաեւ մեծահասակները. դպրոցները փակել են, սակայն մյուս բոլոր հանրային հաստատությունները գործում են` սրճարան ու կարաոկեներից սկսած, մինչեւ թատրոններ ու հանրային միջոցառումներ: Խանութներում եւ տրանսպորտում, որտեղ մարդիկ հաճախ իրար շալակ ելած են գնում-գալիս, որեւէ սահմանափակում կամ կանխարգելիչ միջոցառում չկա: Հա, միայն մետրոն որոշեցին ցուցադրաբար մաքրել, չնայած` դա լավ էր. վիրուսի հարց նման մեկանգամյա միջոցառումը չէր կարող լուծել, բայց գոնե աղբի հարցը լուծվեց:

Կարճ ասած, չինովնիկության ինչպես սկզբնական, այնպես էլ հետագա քայլերի մեջ դժվար է որեւէ տրամաբանություն տեսնել: Ընդամենը այն տպավորությունն էր, թե պետք է վիրուսի դեմ տիտանական պայքար ի ցույց դնել` թեկուզեւ մարտի 1-ին Նիկոլի հայտարարած երթի չեղարկումն արդարացնելու համար: Բայց արդյունքում, միայն խուճապային տրամադրություններ առաջացրին. հենց նույն օրվա առավոտյան շատերը նետվեցին խանութներ եւ դեղատներ` ուտելիքով եւ դեղորայքով պաշարավորվելու համար, ինչը նույնպես սովորաբար նորմալ երկրներում լինում է պատերազմական եւ անմիջական վտանգ սպառնացող բնական աղետների դեպքում: Թե ինչքան շահեցին ազնիվ գործարարներ «դարձած» օլիգարխները, երեւի միայն իրենք կիմանան: Չնայած` դա էլ կարճ տեւեց. մարդիկ հասկացան, որ խոսքը պարզապես վերին ապիկարության (կամ` դիտավորության) արդյունքում ստեղծված արհեստական խուճապածին մթնոլորտի մասին է, եւ անցան նորմալ օրական ռեժիմին:

Սակայն այն աժեոտաժը, որն այդ սկզբնական պահին ձեւավորվեց չինովնիկության ապաշնորհ քայլերի պատճառով, այնուամենայնիվ, իր սեւ գործն արեց: Եվ առաջին հարվածը բաժին հասավ հայաստանյան զբոսաշրջության ոլորտին: Վերցրին ու կորոնավիրուսի մեջ կասկածվողներին տեղավորեցին Ծաղկաձորում` հյուրանոցում: Թե ինչ տրամաբանությամբ, մնում է միայն ապշել: Պոտենցիալ վիրուսակիրներին, որպես կանոն, տեղավորում են հիվանդանոցներում, այն էլ` հատուկ բաժանմունքներում:

Եվ ոչ թե միայն մարդկանցից մեկուսացնելու համար, այլ մասնագիտական հսկողության. վտանգավոր վիրուս ունենալու մեջ կասկածվողի համար պահանջվում է հատուկ մասնագիտական խնամք: Նախ, անհրաժեշտության դեպքում մասնագիտական միջամտության, եւ, ամենակարեւորը, վիրուսի տարածման ամեն մի հնարավորությունը բացառելու համար, ինչը արդեն իսկ նախատեսում է հատուկ պատրաստվածություն: Վերջապես, հաստատությունը եւս, որտեղ պահվում է հնարավոր վիրուսակիրը, իր հերթին պետք է հարմարեցված լինի վիրուսի արտահոսքը կանխելու բոլոր եւ միանգամայն խիստ պայմաններին:

Ու հիմա հարց` կարո՞ղ է որեւէ հյուրանոց այդ ամենին հարմարեցված լինել, չափանիշներին համապատասխանել. բացառվում է:

Բայց փոխարենը, խուճապային տրամադրություններ առաջացան ողջ հանգստյան գոտիով եւ հարակից բնակավայրերով մեկ: Այն կարգի, որ իր մասին քիչ թե շատ մտածող ամեն մի հանգստացող պարզապես որոշեց Ծաղկաձորից փախուստի դիմել: Եվ դա բնական է. եթե ոչ մասնագիտական հաստատությունից` հյուրանոցից վիրուսի արտահոսք լինի, առաջին հերթին տուժելու են շրջակայքի հանգստացողներն ու տեղի բնակիչները: 

Գումարենք նաեւ դրանից բխող հետեւանքները. զբոսաշրջության հետ առնչվող աղբյուներից մեկը պատմեց, որ 50 հոգանոց 4 խումբ, որոնք պետք է այս օրերին գային Հայաստան, հրաժարվել են: Ծաղկաձորյան խոշոր հյուրանոցներից էլ, ի պատասխան մեր հարցման, տեղեկացրեցին, որ հաճախորդները զանգայարում եւ չեղարկում են պատվերները, այդ թվում` մարտի 8-ի համար նախատեսված: Իսկ հանգստացողների առնվազն կեսը րդեն իսկ հեռացել են:

Թե ինչու, բացատրեց տուրիզմի ոլորտի մեր գործարար աղբյուր. «Այն, որ Փաշինյանն ընտանիքով եւ նախարարներով եկավ Ծաղկաձոր, մի բան էլ հակառակ էֆեկտը թողեց: Հանգստացողները սկսեցին խոսել. այս ի՞նչ ահավոր բան է եղել, որ երկրի վարչապետն անձամբ է փորձում այլ իրավիճակ ցույց տալ: Ու անմիջապես էլ որոշեցին գնալ. ո՞ւմ է պետք կասկածն ու ավելորդ ռիսկը»:

Այսպիսով, տուրիզմն այն ոլորտն է, որի վրա կորոնավիրուսի հետ կապված աղմուկն ուղղակի էր եւ անմիջական: Սակայն էլ ավելի վտանգավոր են այն ուղղությունները, որոնք դեռ նոր են հայտնվում հարվածի տակ: Ավելի ճիշտ` խոսքը ողջ տնտեսության մասին է: Այսպես, հայտնի գործարար շրջանակներից մեկի ներկայացուցիչն էլի չներկայանալու պայմանով հետեւյալը ներկայացրեց. «Այն աղմուկը, որն առաջացավ նաեւ կառավարող շրջանակների ոչ հաշվենկատ, հաճախ` հուզական եւ վախեցնող բնույթի հայտարարություններից, իր ազդեցությունն ունեցավ նաեւ մեր որոշ բիզնես-գործընկերների վրա: Արդեն կա մեկ-երկու դեպք, երբ օտարերկրյա գործընկերը որոշում է ժամանակավոր սառեցնել արդեն իսկ գործարկման պատրաստ ծրագիրը, այդ թվում` ներդրումային: Մինչեւ այս անորոշ վիճակը կանցնի, եւ կտեսնեն ինչ է կատարվում, բայց բավական է, որ մի քանի դեպք եւս արձանագրվի, որ այդ ծրագրերն արդեն լուրջ կասկածի տակ կհայտնվեն»:

Սրանից զատ, ինչպես հայտնի է, հայաստանյան արտահանողները եւս ահազանգում են, որ խնդիրներ ունեն բեռնատարների` վրացական սահմանը հատելու հարցով: Սա, ինչ խոսք, ամենավտանգավոր հետեւանքն է, որը խոստանում է կորոնավիրուսը Հայաստանին: Ունենք մեկ փակ սահման, որի անցման արգելքի ռեժիմը հետաձգվեց մինչեւ ամսվա վերջ: Եթե խնդիրներ առաջանան նաեւ վրացական սահմանում, ապա դա արդեն կնշանակի լիակատար շրջափակում, որն իր ազդեցությունը կունենա ոչ միայն տնտեսական, այլ, անշուշտ, նաեւ քաղաքական իրողությունների վրա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ