Ինչպիսի լողազգեստ ու աքսեսուար կրել ծովափին՝ նորաձև լինելու համար
՛՛Լողազգեստների ընտրությունն ամեն տարի շատ լուրջ թեմա է դառնում բոլոր կանանց համար, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի կամ հանգստանում են քաղաքի լողավազաններում՛՛,-ասում է նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Կանայք միշտ ձգտում են լինել նորաձև, և այդպիսին պետք է լինեն նաև լողափում:
Henaran.am-ի հետ զրույցում մեր զրուցակիցը մի քանի խորհուրդներ ներկայացրեց՝ այս տարի ավելի նորաձև լինելու համար: ՛՛Այս տարի ավելի շատ նորաձև են առանձին՝ բիկինի կոչվող լողազգեստները, որոնց շատ տարբեր տեսակներ կարող եք գտնել: Օրիգինալ լինելու համար հարկավոր է ընտրել գործած լողազգեստներ՝ հետաքրքիր տեսակի, ոչ ստանդարտ՛՛:
Մարիաննա Քաբաբյանը նաև ասում է, որ արդեն 2 տարի է, որ ամենատրենդայինն են համարվում Agent Provocateur-ի լողազգեստները: Դրանք հիմնականում նեոնային գույների են՝ սևի ու սպիտակի համդարությամբ: ՛՛Այլ տեսակների մեջ էլ են այդ գույները նորաձև, որոնք ընդգծում են արևայրուքը, մուգ մաշկի հետ արտահայտիչ ու գեղեցիկ են դառնում՛՛:
Նորաձևության բլոգերը շեշտեց , որ միշտ ակտուալ են սև լողազգեստները՝ թե միասին, թե առանձին տեսակների: Ի դեպ, մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ արտասահմանյան հայտնիների մոտ վերջերս շատ է նկատվում, որ լողազգեստների հետ կրում են աքսեսուարներ: ՛՛Բարակ ոսկյա շղթաներ են դրանք, որոնք վզից իջնում են՝ միանալով փորի հատվածին, գրկում են ամբողջ մարմինը կամ միայն փորի վերևի հատվածն են գրկում:
Այսինքն՝ աքսեսուարները, որ կանայք միշտ խուսափել են լողափերում կրել, ու դրանք համարվել են վատ տոն, արդեն կարելի է կրել: Իհարկե, դրանք շատ նուրբ են, ավելի կանացի, ոչ թե խոշոր աքսեսուարներ, ոսկեղեն, ու այդպես կարելի է ավելի հետաքրքիր դարձնել կերպարը՛՛,-եզրափակեց Մարիաննա Քաբաբյանը: