“Յուրացումը մի քանի մլն եվրո էր՝ փակեցինք”. Մաքսիմ Հակոբյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն, այժմ խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը Henaran.am-ի այն հարցին, թե ճիշտ են լուրերը, որ կոմբինատի պաշտոնյաները հեռացվել են յուրացումների համար՝ ասաց, որ ոչ ոք չի հեռացվել, պարզապես հաստիքներն են փոխվել:
“Ինչ վերաբերում է յուրացումներին, ապա ոչինչ չկար, ընդամենրը մի քանի միլիոն եվրոյի պատմությունն էր, մի 120 մլն, անմիջապես վճարեցի, հարցը փակվեց”,-կատակով ասաց Մաքսիմ Հակոբյանը:
Վերջինս զարմանում է մարդկային երեւակայության վրա, թե այն մինչեւ ուր կհասնի եւ ինչեր կարող են հնարել: Բայց դե բնական է ընդունում՝ լրագրողը իր գործն է անում: “Չպիտի հորինեն, ինչ կա, թող էն ամենը գրեն, թե չէ յուրացո՞ւմ: Ումից պիտի յուրացնե՞նք, մե՞նք՝ մեզնից”,-ասաց նա:
Մաքսիմ Հակոբյանը առաջիկայում կհրավիրի ասուլիս եւ կպատասխանի բոլոր հարցերին:
“Նոր ստեղծվող մարմին է խորհուրդը, կազմավորվի, հետո բոլոր հարցերին կպատասխանեմ“,-նշեց Մաքսիմ Հակոբյանը: