24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սևանա լիճը մյուս տարի էլ «կկանաչի»». Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի  նախարար Էրիկ Գրիգորյանը տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց Արարատի և Արմավիրի մարզերում իրականացված աշխատանքների մասին լուրով: Նրա խոսքով՝ նշված մարզերում 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման շնորհիվ՝ խնայվել է շուրջ 3010 լ/վրկ ջրաքանակ, ինչն ավելին է, քան Երևան քաղաքում 1 տարվա ընթացքում սպառվող  խմելու ջրի ծավալը: Նախարարն անդրադառնալով Սևանին՝ պնդեց, որ այս տարի լճից կատարվել է վերջին 5 տարիների նվազագույն ջրառը: Լրագրողի  հարցին, թե 2020-ին մենք նորի՞ց կբախվենք Սևանի «կանաչելու» խնդրին, նախարարը դրական պատասխան տվեց:

«Ըստ գիտնականների՝ մյուս տարի ևս ակնկալում ենք, որ Սևանը «կկանաչի»: Սևանը տասնյակ տարիներով բազմաթիվ ճնշումների է ենթարկվել` խորհրդային տարիներին ջրի մակարդակն իջեցվել է, հետո նորից՝ բարձրացվել, նույնը կրկնվել է  90-ականներին: Այդ ամենը մեծ ազդեցություն է ունեցել էկոհամակարգի վրա……Սևանի հետ կապված երկու ֆունդամենտալ հարց ունենք` մակարդակի բարձրացում, որ սառը շերտը կարողանանք վերականգնել, և կեղտաջրերի մուտքի նվազեցում»,- պարզաբանեց նախարարը:

1 տարվա ընթացքում խնդիրը, իհարկե, չի լուծվի, պնդում է նախարարը, բայց հարցի կարգավորման համար  ներգրավվել են գերմանացի գիտնականներ, որոնք ունեն Կոստան լճի վերականգնման փորձ, ինչը տևել է 25 տարի: Սևանա լճի հիմնական խնդիրներից մեկն էլ ձկնագողությունն է: Նախարարն ասում է՝ այն ձուկը, որը վաճառում են մինչև 300-400 դրամով, քանի որ գողացված է, ավելի թանկ արժեք ունի: Շրջակա միջավայրի նախարարությունը որոշման նախագիծ էր ներկայացրել Կառավարություն, ըստ որի՝ ձկան և խեցգետնի որսը կթույլատրվի, բայց կսահմանվեն թույլատրելի քանակներ ու որսալու համար գործիքներ:

«Մի քանի շաբաթ առաջ Կառավարությունը հաստատեց ձկան որսի, հաշվառման և վերարտադրության մասին որոշումը: Երկրորդ և երրորդ քայլերը լինելու են Հարկային օրենսգրքում որոշակի փոփոխությունները և Վարչական  իրավախախտումների շրջանակում փոփոխությունները: Ընդհանուր նպատակն է՝  ապահովել կենսակայուն որոշակի ձկնապաշար և թույլատրել որսը»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:

Իսկ ինչպե՞ս է կարգավորվելու այս ոլորտը, մինչև ուժի մեջ կմտնի նախարարության որոշման նախագիծը: Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում, որ սիգ չորսան Սևանից, և արդյո՞ք «Սևան» ազգային պարկը բավարար  վերահսկողություն իրականացնում է, նախարարը պատասխանեց.

«Ես բավարարված չեմ «Սևան» ազգային պարկի հսկողությամբ: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Աշխատակիցները, բնականաբար, պետք է շատ ավելի ջանասիրաբար աշխատեն, բայց կան օրենսդրական սահմանափակումներ, օրինակ՝ այն, որ աշխատանքն ավարտվում է 18։00-ին»:

Նախարարը վստահեցնում է՝ օրենսդրական դաշտը մի շարք բացթողումներ ունի, օրինակ՝ սիգի որսն արգելված է, բայց վաճառքն արգելված չէ: Վաճառքը նույնպես հսկողության տակ պահելու համար այս աշխատանքներին ներգրավել են ՊԵԿ-ին:

«Այս տարի ՊԵԿ-ը ևս ներգրավված է, որ ուսումնասիրի ապօրինի վաճառքի հետ կապված հարաբերությունները, քանի որ երբ նույն այդ ձուկը սուպերմարկետում կամ ռեստորանում է վաճառվում՝ թվացյալ օրինական է, քանի որ այդ տնտեսվարողը հարկ է վճարում, կարծես դրանով օրինականացնում է, իսկ վաճառողը` ոչ: Հիմա այդ սողանցքները ևս կփակվեն, այս փաթեթն ավարտելու դեպքում սիգի որսը հնարավոր կլինի կանոնակարգել և բերել օրենսդրական դաշտ»,- ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանը վստահեցնում է, որ դաշտը կարգավորելու համար անում են ամեն բան,  օրինակ՝ Ազգային պարկի տնօրենն ազատվել է աշխատանքից, և ընդամենը երկու օր առաջ նոր տնօրեն է նշանակվել, ավելի քան 10 աշխատակցի նկատմամբ քրգործեր են հարուցվել, ներառյալ՝  տեղամասերի ղեկավարները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ