Հայաստանի վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր/ֆոտո/
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին եւ հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման եւ կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական եւ հոգեբանական պատրաստվածությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ եւ խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են եւ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը եւ հոգեբանական վիճակը, ինչպես նաեւ գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից եւ սնունդից: “Շատ կարեւոր է լինել զինվորների կողքին, լսել եւ տեղում ծանոթանալ նրանց բոլոր խնդիրներին: Այս անգամ ավելի շատ զգացի, որ զինվորների մոտ կա խանդավառություն, վստահությունեւ, ամենակարեւորը, վիճակը լավ է: Նրանք արժանապատիվ գործ են անում՝ պաշտպանում են իրենց հայրենիքի սահմանները, ծնողներին, ընտանիքը: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարը՝ պաշտպանության նախարարը սրտացավ է եւ մանրակրկիտ տիրապետում է ամեն ինչին: Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար: Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են,մեծ զգուշություն եւ զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձեւավորումը շարունակականեն լինելու”, – ասել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անվտանգության ապահովումը մեր երկրի գերակա խնդիրն է եւ կարեւորել է պետական բարձրաստիճան այրերի պարբերական այցերըմարտական դիրքեր: “Զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում կա պետություն, կա ժողովուրդ, ով գնահատում է իր ծառայությունը, ազգանվեր գործը: Աստված խաղաղություն տա մեր երկրին”, – հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Այնուհետեւ Հայաստանի վարչապետն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի N զորամաս, զրուցել զինծառայողների եւ սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական եւ կենցաղային պայմաններին: Զինծառայողներին ուղղված ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. “Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուր զինվորի եւ սպայի ծառայությունը: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում զգացինք, թե ինչ անձնվիրությամբ են նրանք ծառայում՝ պաշտպանելով մեր Արցախի անվտանգությունը: Վստահ եղեք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի որակյալ: Մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք կներկայացվեն մեր զինվորների, սպաների, հրամանատարների կողմից: Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու եւ բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը”:
Զինվորական բարձր կարգապահությամբ եւ պարտաճանաչությամբ աչքի ընկնելու համար ՀՀ կառավարության ղեկավարը մի խումբ զինծառայողների եւ հրամանատարների նվիրել է ժամացույց եւ կենցաղային տեխնիկա:
Արցախի պաշտպանական դիրքեր այցելությամբ ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երեւան: