Այսպես շարունակվել չի կարող. Ամուլսարի շահագործման վերաբերյալ «Լիդիան»-ի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը՝ BBC-ի ռուսական ծառայությանը
Ամուլսարի ոսկու հանքավայրերը պետք է Հայաստանի բյուջե բերեին հարկերի տեսքով հարյուր միլիոնավոր դոլարներ: Սակայն «Լիդիան» օֆշորային ընկերության այս հավակնոտ նախագիծը բողոքի ալիք է առաջացրել տեղի բնակիչների և բնապահպանների շրջանում: Այս մասին BBC-ի ռուսական ծառայության համար իր հոդվածում գրում է Գրիգոր Աթանեսյանը:
Աղբյուրը գրում է, որ Կոլորադոյում տեղակայված «Լիդիան» ընկերությունն Ամուլսարի տակ ոսկու հանքավայր է հայտնաբերել դեռ 2006 թվականին և Հայաստանի կառավարությունից Ամուլսարի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ստացել: Ներդրողները միլիարդավոր դոլարների շահույթ էին ակնկալում, սակայն բնապահպանները և տեղի բնակիչները մտահոգ են, որ հանքավայրի շահագործումը կվտանգի տարածաշրջանի խոշորագույն՝ Սևանա լճի էկոհամակարգը և Ջերմուկ առողջարանի տնտեսությունը:
«Երբ Փաշինյանն այս աշնանը որոշեց, որ որևէ խոչընդոտ չկա հանքի շահագործման հարցում, արդեն ուշ էր. Ամուլսար տանող բոլոր ճանապարհներն արգելափակված էին տեղի բնակիչների և բնապահպանների կողմից»,- գրում է հոդվածագիրը և հավելում, որ վեճը բարդանում է արտաքին ուժերի ճնշման ներքո, քանի որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները պաշտպանում են «Լիդիան»-ի դիրքորոշումը:
Բողոքի ակցիաների պատճառով անցյալ ամառվանից «Լիդիան»-ի աշխատանքը կաթվածահար է եղել, և ընկերությունը պատրաստ է դատի տալ Հայաստանին:
«Այսպես շարունակվել չի կարող»,- BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է «Լիդիան»-ի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը և հավելել, որ եթե «ՀՀ կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ընկերությունը չի կարողանա ֆինանսավորում ներգրավել և ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դատի տալ Հայաստանին»:
«Մենք չէինք ցանկանա ո´չ մեկը, ո´չ մյուսը, սակայն այլընտրանք չունենք»,- հավելել է Էդվարդ Սելլերսը:
Ընկերությունում վստահեցնում են, որ հայկական Ամուլսարի շահագործման ծրագրի շրջանակում արդեն ծախսել են ավելի քան 400 միլիոն դոլար:
Թեև «Լիդիան»-ը դեռևս շահույթ չի ստացել, գրում է աղբյուրը, առանցքային բաժնետերերը մի քանի անգամ հասցրել են փոխվել: Այժմ ընկերությունը պատկանում է մի քանի ներդրումային հիմնադրամների և մասնավոր անձանց, որոնցից ամենախոշորներն են Resource Capital Fund-ը (32%), Orion Capital Management-ը (11%) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD):
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից հայտնել են, որ նախագիծը համապատասխանում է միջազգային նորմերին, բանկի չափանիշներին և ՀՀ օրենսդրությանը, և որ իրենք սպասում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության որոշմանը:
Ամուլսարի շահագործմանը դեմ բազմաթիվ ցուցարարների շարքերում են նաև այն մարդիկ, որոնք առաջինն էին դրական արձագանքել 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալուն:
Ինքը՝ Փաշինյանը խոստովանել է, որ անձամբ չէր հաստատի այս նախագիծը, եթե կոնցեսիայի հարցը որոշվեր հիմա: Սակայն արտոնագիրը տրվել է իր նախորդի իշխանության օրոք, և այժմ կառավարությունը փակուղու առաջ է կանգնած:
«Լիդիան»-ի վերջին գնահատականների համաձայն, եթե արգելափակումը չեղարկվի, մինչև գարուն ընկերությունը կկարողանա վերսկսել հանքի կառուցումը և առաջին ոսկին կստանա 2020 թվականի վերջին կամ 2021-ի սկզբին:
Ընկերության վստահեցմամբ՝ դա կպահանջի ևս մոտավորապես 150 միլիոն դոլարի ներդրում և մոտ 25 միլիոն դոլար շրջանառու կապիտալ:
Եթե «Լիդիան»-ը չկարողանա շարունակել իր աշխատանքը, ապա միջազգային ներդրողների շրջանում Հայաստանի հեղինակությանը լուրջ վնաս կհասցվի, կարծում է «Լիդիան»-ի ղեկավարը:
«Միջազգային ֆինանսական հանրությունը տագնապով է հետևում իրավիճակին: Մարդիկ տարուբերում են իրենց գլուխները»,- հավելել է նա:
Աղբյուրը գրում է, որ Ամուլսարի շահագործման խնդիրը փակուղի է մտել. ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները մտահոգված են հնարավոր արբիտրաժի և օտարերկրյա ներդրողներին վանելու առնչությամբ, մինչդեռ բնապահպաններն ու բնակիչները, հակառակ Փաշինյանի հորդորներին, շարունակում են փակ պահել ճանապարհները: