Նախքան բուհերում բարեփոխումներ անելը նախարարը թող զբաղվի դպրոցներով. քննարկում
Նախքան բուհերից հայոց լեզվի պարտադիր ուսուցումը հանելը նախարարությունը պետք է լուծի խնդիրը դպրոցներում՝ ուժեղացնելով մայրենիի ուսուցումը այդտեղ: Այս մասին «Այսօրվա Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հիմնական խնդիրները» կլոր սեղան-քննարկման ժամանակ նախօրեին հայտարարեց «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանյան բուհերում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ կրելու է հայեցողական բնույթ: Նա բացատրել էր, որ դրանք ծրագրից չեն հանվում, այլ պարզապես դրանց պարտադիր ուսուցման բնույթն է փոխվում. «Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում և՛ հայոց լեզվից, և՛ հայ գրականությունից, և՛ պատմությունից:
Եվ, ըստ էության, ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունը ազդում է մասնագիտական ծրագրի բովանդակության և որակի վրա»,- ասել էր Հարությունյանը: Սակայն Արման Ղուկասյանը պնդում է՝ դպրոցներում այս կարևոր առարկաների դասավանդումը անմխիթար վիճակում է, առհասարակ՝ դպրոցներում կրթական մակարդակի հետ խնդիր ունենք, հետևաբար սխալ է բուհերում նման փոփոխությունը:
Այդ իսկ պատճառով, հայտարարեց փորձագետը, նախարարությունը պետք է սկսի կրթական բարեփոխումները հենց դպրոցից, որտեղ խնդիրները լուծելուց հետո միայն կարելի է անցնել բուհերին. «Մեր քննարկման ընթացքում արդեն իսկ հնչեց այն մտահոգությունը, որ Հայաստանում անգամ մայրենիին լավ չեն տիրապետում, ուր մնաց այլ լեզուներին՝ ռուսերենին ու անգլերենին: Ես կարծում եմ, որ այս խնդրի արմատները ոչ թե բուհերում են, այլ դպրոցներում: Հետևաբար գլխից սկսելու տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է»,- շեշտեց նա:
Արման Ղուկասյանը մտահոգություն հայտնեց, որ այս բավականին լուրջ հարցի շուրջ նախարարությունը լայն շրջանակների հետ նախապես քննարկում չի կազմակերպել ու փաստացի բոլորին փաստի առաջ է կանգնացրել՝ արդեն իսկ կայացված որոշման մասին հայտնելով. «Ժողովրդավարական երկրում, որի մասին անընդհատ բարձրաձայնում է հայրենի կառավարությունը, սա սխալ մոտեցում է, երբ փորձ չի արվում հաշվի առնել հասարակության լայն շրջանակների կարծիքը խնդրահարույց այս կամ այն հարցի շուրջ»,- ասաց նա:
Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կողմից, որին մասնակցություն ունեցան կրթական ոլորտի մի շարք մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ, ուսանողներ: